Այս շաբաթը սկսվեց Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարությամբ։ Այս տարի մի քանի այլ մեծ հոբելյաններ էլ են նշվելու՝ Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, Պարույր Սևակի ծննդյան 95-ամյա հոբելյանը և այլն, գրողներ, որոնց, ինչպես և Սիլվա Կապուտիկյանին, ստեղծագործելու փակ, բարդ ժամանակաշրջան էր բաժին ընկել՝ «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նրա համոզմամբ նրանց գրական ստեղծագործական առաջին շրջանը կարելի է բնորոշել իբրև՝ «պարզունակ, պատանեկան, խանդավառ»։
Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ, ոչ մի դեպքում չի կարելի հանիրավի մեղադրել գրական այս սերնդին, որովհետև հիմա իրոք շատ դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակում էին նրանք ստեղծագործում ամենատարբեր առումներով. ֊ «Որևէ մեկը չի կարող դատապարտել այդ սերնդին, որովհետև նա հենց շատ դժվար ժամանակ եկավ գրականություն, երբ որ իրենց մեծերից Չարենցը, Բակունցը և Զապել Եսայանը սպանվեցին, Մահարին աքսորվեց, գլխատված գրական մի ժամանակ»։
Իսկ քսաներորդ դարի հիսնականների կեսերից՝ Ստալինի մահից հետո միայն հնարավոր դարձավ փոքր֊ինչ ազատ խոսք ասել։