Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին այսօր մեղադրանք էր առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։
Տեր-Հովակիմյանի դեմ քննչական մարմին դիմում էր ներկայացրել նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը՝ հեղափոխությունից օրեր անց, երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը սկսեց հիմնադրամում բացահայտումներ անել և պետական բուհերի ռեկտորներին արգելեց բուհերի արտաբյուջետային միջոցներից գումար փոխանցել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»: Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից օրեր անց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը Քննչական մարմնին հայտնել էր, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Տեր-Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է սա և պնդել, որ կնոջ բուժման նպատակով է արել՝ հետագայում վերադարձնելու պայմանով:
«Փոխառության պայմանագիր կա, բայց դա չի խոսում յուրացման մասին: Այն գործողությունները, որ նշվում են՝ էդ գումարը ես թաքցրել եմ, իրականում կապ չունեն յուրացման հետ և թաքցնել ուղղակի հնարավոր չէր, որովհետև բացահայտ գործարքներ են արվել: Կնոջս բուժման համար եմ վերցրել», - «Ազատությանն» այսօր ավելի վաղ ասել էր Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։