Մատչելիության հղումներ

«Տարօրինակ չեք համարո՞ւմ՝ փոխառության գումարը 326 միլիոն դրամ է, բայց ես 90 միլիոնն եմ փորձել լվամ»․ ՀԵՀ տնօրեն


«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀԿ֊ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը, արխիվ
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀԿ֊ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը, արխիվ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում մեղադրանքը շինծու որակեց․ ֊ «Մեղադարանքը չեմ ընդունում և համարում եմ շինծու։ Կարող է խոսք լինել պաշտոնական դիրքի չարաշահման մասին, ոչ թե յուրացման»:

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ քննչական մարմին դիմում էր ներկայացրել նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը՝ հեղափոխությունից օրեր անց, երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը սկսեց հիմնադրամում բացահայտումներ անել և պետական բուհերի ռեկտորներին արգելեց բուհերի արտաբյուջետային միջոցներից գումար փոխանցել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»: Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից օրեր անց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը Քննչական մարմնին հայտնել էր, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Տեր-Հովակիմյանը հաստատում է սա և պնդում, որ կնոջ բուժման նպատակով է արել՝ հետագայում վերադարձնելու պայմանով:

«Փոխառության պայմանագիր կա, բայց դա չի խոսում յուրացման մասին: Այն գործողությունները, որ նշվում են՝ էդ գումարը ես թաքցրել եմ, իրականում կապ չունեն յուրացման հետ և թաքցնել ուղղակի հնարավոր չէր, որովհետև բացահայտ գործարքներ են արվել: Կնոջս բուժման համար եմ վերցրել», - նշեց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Այս ամիսների նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հովակիմյանը, 2010 թվականից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար: Ըստ նախաքննական մարմնի՝ գործադիր տնօրենը 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված 325 միլիոն 600 հազար դրամ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226 միլիոն 464 հազար 209 դրամ գումարը, մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ, հաշվից հաշիվ փոխանցելու, քողարկելու և մասնատելու եղանակով օրինականացրել է:

Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներին, ապա նույն հաշվեհամարից 539 հազար 332 դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին, որից հետո 2013 թվականի մայիսի 14-ից մինչև 2016 թվականի հունվարի 30-նընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490 հազար 583 դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, ապա կնոջ հաշվեհամարից 477հազար 485 դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին և կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով օգտագործել է իր անձնական կարիքների համար:

«Հոգաբարձուների խորհուրդը տեղյակ չի եղել այդ մասին, հատուկ չեմ տեղեկացրել։ Կարեն Ավագյանը տեղյակ է եղել, որ կինս բուժում է անցնում և տեղեկացրել եմ փոխառության պայմանագրի մասին: Դեռ չեմ վերադարձրել գումարը, բայց պարտավորվել եմ վերադարձնել հենց առաջին պահից, հակառակ դեպքում ես հաշվապահական ձևակերպում չէի տա: Եթե փորձեի կեղծ գործարքաներով դուրս բերել հիմանդրամից ու սխեմաներ կիրառելով անձնական ծախսերս հոգայի՝ ուրիշ բան», - ասաց Տեր-Հովակիմյանը՝ շարունակելով. ֊ «Ես ինձ օրինապաշտ քաղաքացի եմ համարում և ամբողջ ութ ամսվա ընթացաքում շատ հետաքրքիր է, որ հիմնադրամի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը ուրիշ բան չի հայտնաբերել, դու մի ասա, որ ես այդ գումարի շատ քիչ մասը փորձել եմ լվանամ։ Դուք դա տարօրինակ չեք համարո՞ւմ՝ փոխառության գումարը 326 միլիոն դրամ է, բայց ես 90 միլիոնն եմ փորձել լվամ, ըստ քննչական մարմնի, աբսուրդ չի՞։ Եթե փող լվացող մարդ եմ, ինչի՞ չեմ արել ողջ գումարը, որտե՞ղ է դրա տրամաբանությունը»:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ՝ որոշումն այսօր ուշ երեկոյան հայտնի կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG