Մատչելիության հղումներ

Բովաձոր գյուղի բոլոր տների ծորակներից հոսող ջուրը «պիտանի չէ խմելու համար»


Լոռու մարզի Բովաձոր գյուղի 23 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Սամվել Խարազյանը ձեռքի տակ պաշտոնական գրություն ունի, որի համաձայն գյուղի բոլոր տների ծորակներից հոսող ջուրը «պիտանի չէ խմելու համար» և այն կարելի է օգտագործել միայն «անասնապահության, այգեգործության և հողագործության համար»։

Լոռու ջրօգտագործման ընկերության տնօրենի ստորագրությամբ այս գրությունն ստանալուց հետո դպրոցի տնօրենն անգամ հրաժարվել է ՄԱԿ-ի օժանդակությամբ դպրոցի աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու ծրագրից՝ համարելով, որ խմելու համար օգտագործվող ջուրը վտանգավոր է երեխաների համար։

«Քանի որ էդ ջուրը պիտանի չէ, ՄԱԿ-ի ծրագրից գիտեն, ղեկավարն էլ գիտի, որ ես սնունդ դպրոցում չեմ տալիս՝ պատճառը դա է», - նշեց տնօրենը։

Գյուղի բնակիչ Պայծառ Այվազյանը առաջարկում է անընդհատ բարձրացնել հարցը, մասնակցել կառավարության հայտարարած սուբվենցիոն ծրագրերին, գումար հայթայթել, կառուցել խմելու ջրի նոր ջրագիծ կամ վերակառուցել եղածը։ - «Ինքը, որ մի քիչ էլ մնում է, սկսում է հոտ գալ էս ջրից», - պատմում է Այվազյանը։

Գյուղի 40 տարվա բնակիչ Սամվել Սախլյանը նախկին Մաքսիմ Գորկու Բովաձոր դարձած անվան հետ անհաշտ է։ Հեղափոխություններն էլ սրտով չեն։ Բայց, որ խմելու իր միակ աղբյուրը խմելի չէ, գիտի՝ անհերքելի է։ - «Ջրի պրոբլեմը գոյություն ունի էս արդեն քանի տարի է։ Չգիտեմ՝ Սանէպիդկայանը թույլ է տալիս, թույլ չի տալիս․․․ դե մարդիկ խմում են, ուրիշ վարիանտ չունեն», - նշեց Սախլյանը։

Մինչդեռ Լոռի Բերդ համայնքին միացված Բովաձորի վարչական ղեկավարին ու նրա կողմնակիցներին անհասկանալի է խմելու ջրի շուրջ ստեղծված աղմուկը։

«Օրինակ այստեղ ի՞նչ ենք անում՝ ջուրը հավաքում ենք շշերի մեջ, ինքը զտվում է, այսինքն էդ նստվածքը ու վերևի մասը արդեն օգտագործում ենք, ուղղակի այլ տարբերակ չունենալու պատճառով», - նշեց վարչական ղեկավարը։

Բովաձորը 2017 թվականին խոշորացման ծրագրով միացվել է հարևան Լոռի բերդ համայնքին։ Գյուղի 20 տարվա գյուղապետը նշանակվել է խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ՝ իր հետ տանելով դրանից մեկ տարի առաջ կազմված 2017-21 թվականների համայնքի զարգացման ծրագիրը, որտեղ գրված է, որ «համայնքում առկա է զանազան հիվանդությունների վտանգ, քանի որ «խմելու ջրի մանրէազերծում և ֆիլտրում չի կատարվում», վտանգ կա, որ կեղտաջրերը կարող են խառնվել խմելու ջրին»։

Մոտ 300 բնակիչ ունեցող Բովաձորի վարչական ղեկավար Արման Սաքանյանն է՛լ է հաստատում՝ դեռ խորհրդային տարիներին «Բելայա րեչկա» կոչվող 18 կիլոմետրանոց ջրագիծը կառուցվել է ոռոգման և անասնապահության նպատակով։

«Ժամանակին այդ ամեն ինչը կառուցել են անասունների, գյուղատնտեսության համար», - ասաց Արամ Սաքանյանը։

Անանցանելի ճամփաներ ունեցող Բովաձորում խնդիրների հետ հաշտության չեկած գյուղացիները պնդում են, թե այս ամենի մասին խոսելու պատճառով համայնքի իշխանությունները հալածում էին իրենց՝ մեղադրելով սուտ տեղեկություններ տարածելու համար։

«Անընդհատ հալածել են, անպատվել, կշատամբել։ Ավելի շատ նենգություն կա, բարևը չտալու մթնոլորտ կա, հալածելու կամ վատ բան ասելու մթնոլորտ կա։ Ազատ խոսքի իրավունքը էստեղ ոտնահարված է, վատ մթնոլորտ է տիրում։ Սա քանի գնում պայթյունավտանգ է դառնում», - ընդգծեցին Բովաձորի բնակիչներից մի քանիսը։

Բովաձորի վարչական ղեկավարը հերքում է, թե գյուղում խմելու ջրի հարցը բարձրացնողներին ծուռ աչքով է նայում, բայց միաժամանակ շեշտում, թե բողոքն էլ սահման ունի։

«Թող կարծիքը արտահայտեն, ուղղակի, կա չափ արտահայտելու», - նշեց Սաքանյանը։

Ավելի քան 10 տարի մայրաքաղաքում ապրելուց հետո հարազատ գյուղ վերադարձած Պայծառ Այվազյանն ասում է՝ շարունակելու է տեղի իշխանությունների համար անընդունելի համարվող իր պայքարը։

«Ես մնալու եմ, պայքարելու եմ էնքան, միչև էս գյուղում ամեն մարդ, ով որ ցանկանում է խոտհարք, ունենա իր խորտհարքը, էս ջրի հարցը բարձրաձայնել եմ՝ գա իրա լուծմանը, էդ ավտոբուսի հարցը եղավ ու ցանկացած խնդիր», - ասաց Պայծառ Այվազյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG