Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն Հայաստանյան թավշյա հեղափոխությունը, այս մասնին այսօր Մոսկվայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես։ Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի։ Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում առաջին հայացքից տեղի ունեցողը այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը։ Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությամբ է տեղի ունենում», - ասաց Փաշինյանը։
Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղի հարցին։ Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է այս հարցին, քանի որ լրագրողները նրան խնդրել են որոշ մանրամասներ հայտնել Դավոսում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից։ Հայաստանի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությունը և չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը։
«Ալիևի հետ բանակցությունների ձեր հարցին անդրադառնամ՝ այն հայտարարությունները, որոնք որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, մեր հանդիպման ժամանակ բոլոր հարցերին անդրադարձել ենք։ Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը, այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից։ Կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հարապետության անունից», - նշեց Փաշինյանը։
Դավոսում տեղի ունեցած հանդիպումից խոսելիս Հայաստանի վարչապետը ասել է, որ որևէ առարկայական, կարևոր քննարկում Դավոսում այդ մեկուկես ժամվա ընթացքում տեղի չի ունեցել և նույնիսկ, օրինակ, Դուշանբեի կարճ հադիպումը Ալիևի հետ ավելի առարկայական էր և ավելի կարևոր։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է մեկօրյա այցով։ Առավոտյան նա այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, ի դեպ, առաջինը այդ միության անդամ երկրների ղեկավարներից, որին մասնակցել են թե՛ ռուսաստանցի, թե՛ արտասահմանցի լրագրողներ։
Կարևոր հանդիպումը, որ տեղի է ունեցել այսօրվա ընթացքում, Փաշինյան-Մեդվեդև բանակցություններն են։ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, և այդ քննարկումների հիմնական թեման եղել է հայաստանյան ներդրումների հարցը։