Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին


Վերաքննիչ դատարանը նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին: Նիստի ավարտին այս մասին լրագրողներին տեղեկացրեց անձամբ Գևորգյանը:

«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սպասենք ամսի 29-ին որոշումը կհրապարակվի, ըստ այդմ արդեն բոլորս կիմանաք», - ասաց Արմեն Գևորգյանը։

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը՝ դատարանից պահանջելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի՝ այսինքն Գևորգյանին չկալանավորելու որոշումը:

Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Այսօր նիստի ավարտին Գևորգյանից հետաքրքվեցինք «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության հեռարձակած «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ է: - «Նոր որևէ բան ասելու, լրացնելու չունեմ», - արձագանքեց Գևորգյանը։

Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօր հայտարարություն են տարածել, որում նշված է, որ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման վրա կառուցված արտադրանք է: Ֆիլմում խոսել են 2008 թվականի մարտի 1-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ներկայումս կալանավորված է և 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում ինչպես և Քոչարյանին առաջադրված է Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գևորգյանը ներկայացված չէր ֆիլմում։

«Ազատության» հարցին՝ առաջարկ ստացե՞լ է ֆիլմում նկարվելու, Գևորգյանը պատասխանեց. «Սիրելի բարեկամներ, դուք արդեն չարաշահում եք, ճիշտն ասած, բոլոր հնարավոր բաները։ Ես ասեցի, որ նպատակահարմար չեմ գտնում որևէ հարցի պատասխանելու»։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունների, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օգոստոսին Գևորգյանին առաջադրված արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքը, ըստ էության, միացվել է դեկտեմբերին առաջադրված 3 նոր մեղադրանքներին, քանի որ նախորդ նիստին Գևորգյանը հայտարարեց, որ իր նկատմամբ 3 մեղադրանք կա առաջադրված:

ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել նախկին փոխվարչապետին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG