Մատչելիության հղումներ

«Կեղծիքի, փաստերի աղավաղման վրա կառուցված արտադրանք է». «Մարտի 1»-ի զոհերի հարազատները՝ «Գործ N° մարտի 1» ֆիլմի մասին


«Մարտի 1»-ի ոճրագործության զոհերի հարազատները վրդովված են «Գործ N° մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ:

Զոհերի հարազատները համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշել են, որ ֆիլմը «կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից»:

«Մեր մշտական դիրքորոշումը եղել է այն, որ պետք է պատասխանատվություն կրեն սպանություններ կատարողները, բայց դրանից առաջ՝ նրանց հրաման տվողներն, այդ օրը զենքի գործադրումը հրամայողներն ու թույլատրողները։ Անբարոյականություն ենք համարում մեզնից մի քանիսից և ֆիլմի այլ մասնակիցներից հարցազրույցներ կորզելն այն պատրվակով, թե իբր նկարահանող խումբը, համակրելով բռնաճնշումների զոհերին` ցանկանում էր բացահայտել այդ բռնաճնշումների և սպանությունների մասին ամբողջ ճշմարտությունը՝ ստանալով ականատեսների վկայությունները: Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են», - ասված է հայտարարությունում:

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները նշել են նաև, որ իրենց զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ իրենցից ոմանց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը «սկզբից մինչև վերջ քարոզում է 2008-ին իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը»։

«Բայց չէ՞ որ նա է եղել պետության ղեկավարը և այն անձանց ղեկավարն, ում ձեռքին այդ օրն այդտեղ զենք է եղել, որից և սպանվել են մեր հարազատները։ Որևէ այլ բարձրաստիճան ոստիկան, զինվորական, քաղաքական գործիչ, որ ղեկավարել է զենք գործադրողներին դեպքի վայրում, որևէ պատասխան չի տվել մեր հարազատների սպանդին վերաբերող որևէ հարցի։ Իսկ դրանց բոլորի այդ ժամանակվա գլխավոր հրամանատարը դեռ տարբեր հնարքներով շարունակում է խուսափել այս հարցի վերաբերյալ բացատրություններ տալուց։ Մեզ համար սա շատ կարևոր և որոշիչ հանգամանք է», - նշել են հայտարարության հեղինակները՝ շարունակելով. - «Հ5» հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը, ինչի միջով անցել ենք դեռևս 2008-ից, երբ իշխանությունը մեզ դարձրել էր քաղբանտարկյալների գործով տուժողներ։ Մեզ` բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում էին ուղղորդել այն մարդկանց դեմ, որոնք ոչ զենք են ունեցել, ոչ սպանել, ոչ էլ սպանելու հրամաններ տվել։ Փոխարենը, արդեն պարզվում է, որ այդ ընթացքում իշխանությունը կեղծում էր սպանությունների բացահայտմանը տանող ապացույցները»։

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները միևնույն ժամանակ ընդգծել են, որ իրենք առաջին անգամ են հրապարակային հանդես գալիս այսպիսի հայտարարությամբ, և հիշեցնում են, որ մինչ այսօր համբերատար և լուռ են իրենց ցավը քաշել։

«Այս ֆիլմում՝ նման անբարոյական ձևով մեզ ներքաշելով՝ կարծես նորից հետ տանեն դաժան 2008 թ.-ը, ուստի մենք այլևս չենք կարող լռել։ Ազատության և ժողովրդավարության համար մեր ժողովրդի պայքարը ֆիլմում ներկայացվել է բացառապես որպես մասսայական անկարգություններ, իսկ բռնապետական իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկված զոհերը ներկայացվել են որպես հանցագործներ և թալանչիներ: Ներկայացնելով ապօրինաբար և դաժանորեն սպանված մեր զավակներին որպես հանցագործներ, նկարահանող խումբը ոչ միայն անարգել է նրանց հիշատակը, վիրավորել մեր զգացմունքները, այլ նաև վարկաբեկել ազատության և ժողովրդավարության համար մղվող մեր ժողովրդի պայքարը: Մենք դատապարտում ենք մեր զավակների թափված արյան վրա Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու ֆիլմի հեղինակների անամոթ փորձերը՝ որպես ծայրագույն ցինիզմ և կեղծիք: Այդ ֆիլմը նկարահանողներին, ֆինանսավորողներին, ցուցադրողներին և այսուհետ տարածող ԶԼՄ-ներին մեղադրում ենք այդ ամենին մեղսակից լինելու մեջ», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները նշել են, որ չեն ցանկանում դիմել իրավական պաշտպանության, քանի որ ավելի կարևորում են խնդրի բարոյական կողմն՝ իրավականի նկատմամբ։

«Իսկ իրավական հարթության մեջ մենք էլ առավել վճռականությամբ հետապնդելու ենք մեր շահերն ու իրավունքներն ավելի կարևոր մի գործընթացում՝ մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների և այն ի կատար ածողների դատավարությունում, որը, հուսով ենք, մի օր տեղի է ունենալու», - ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են Ռուզաննա Հարությունյանը` զոհված Տիգրան Աբգարյանի մայրը, Վաչագան Ֆարմանյանը` զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը, Լիլիա Մինասյանը` զոհված Հովհաննես Հովհաննիսյանի այրին, Հովսեփ Խաչատրյանը` զոհված Տիգրան Խաչատրյանի հայրը, Ջեմմա Վարդումյանը՝ զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը, Սարգիս Քլոյանը՝ զոհված Գոռ Քլոյանի հայրը, Էդիկ Հարությունյանը՝ զոհված Սամվել Հարությունյանի հայրը, Վարդուհի Բաղդասարյանը՝ զոհված Գրիգոր Գևորգյանի այրին, Մարիամ Հովհաննիսյանը՝ զոհված Զաքար Հովհաննիսյանի քույրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG