Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն»


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի

Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ելույթով հանդես գալով 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

Այդ առումով, նշել է Փաշինյանը, դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը: «Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը», - ասել է Հայաստանի վարչապետը՝ ընթերցելով ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը․

«2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս առևտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման եև փոխադարձ առևտրի համոզիչ աճ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Միևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար»:

Փաշինյանը ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտության վրա․

«Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

Համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման և միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը:

Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների և կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված և համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:

Ոչ պակաս կարևոր է նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ և արդարացի իրացումը:

Կարևոր է շարունակել երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը - տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում - աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը:

Անհրաժեշտ է շարունակել ջանքերը, որոնք ուղղված են մատչելիության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական հատվածի աճին և կայունության ապահովմանը, ինչպես նաև այս շուկայում մրցակցության արդյունավետության բարձրացմանը և զարգացմանը: Պետք է նաև ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջև հաշվարկներում:

Մենք համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն:

Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցության ակնկալիք ունեմ 2019թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այնուհետև ԵՏՀ կոլեգիայի անդամները Նիկոլ Փաշինյանին ուղղել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG