Մատչելիության հղումներ

Արժեքավոր կլինի, եթե իշխանությունը հետևություն անի, և բարձրաստիճան պաշտոնյաները զերծ մնան ինքնապարգևատրումից. Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հասկանալի է համարում հանրության վերաբերմունքն ու բուռն արձագանքը պարգևավճարների հարցի շուրջ։

Բադալյանի խոսքով՝ նման բուռն արձագանքը գալիս է Հայաստանում կուտակված իրողություններից, երբ տարիներ շարունակ հասարակության կռիվն իշխանության հետ եղել է երկրում ռեսուրսների, այդ թվում՝ ֆինանսական, ոչ արդարացի բաշխումն՝ աղքատության բավականին մեծ ծավալի պայմաններում։

Քաղաքական մեկնաբանը նշեց՝ շատ արժեքավոր կլինի, եթե իշխանությունները հետևություններ անեն, և բարձրաստիճան պաշտոնյաները զերծ մնան ինքնապարգևատրումից։

«Այն, որ ներկայումս կոռումպացված իշխանության, կոռումպացված համակարգի հետ գործ չունի հասարակությունը, ամենևին չի նվազեցրել սոցիալական ընկալումների խնդիրը», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Այստեղ պետք է խնդիրը բաժանել երկու մասի, որովհետև կա բարձրաստիճան պաշտոնյաների պարագան, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, համենայն դեպս` հայաստանյան չափանիշներին համարժեք բարձր աշխատավարձ, և կա մնացյալ՝ ավելի ներքևի օղակների պաշտոնյաների խնդիրը, որոնց աշխատավարձը բավական ցածր է, և նրանց պարգևատրումները սոցիալական անարդարության դրսևորում համարելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Այստեղ շատ կարևոր կլիներ և շատ արժեքավոր կլինի, եթե իշխանությունն այս առումով հետևություններ անի, և բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մեծ չափերի պարգևավճարներ են ստացել և նույնիսկ ինքնապարգևատրվել են, ինչը մի տեսակ նույնիսկ անհեթեթ հնչող ձևակերպում է, զերծ մնան այդ երևույթից, որովհետև չեմ կարծում, որ հասարակությունը նույն կերպ սուր ընկալեր, եթե բարձր պաշտոններ զբաղեցնողները մեծ պարգևավճարներից հրաժարվեին»։

Բադալյանն ընդգծեց՝ հասարակությունը շահագրգռված է, որպեսզի նոր իշխանությունը հնարավորինս քիչ ասոցացվի նախկին համակարգի հետ։

«Այս արձագանքը խոսում է այն մասին, որ մենք մեր երեխաների արարքների վրա հաճախ զայրանում ենք, նրանց փորձում ենք հետ պահել, նրանց առաջ ինչ-որ պահանջներ ենք դնում, և նույնանման դեպքում մեր վարքը բոլորովին այլ է, օրինակ, հարևանի, կամ մեկ այլ երեխայի հանդեպ։ Դա ինչի՞ց է գալիս` որովհետև մենք մեր երեխայի հանդեպ ենք մեզ պատասխանատու զգում։ Հիմա պատասխանատվությունը ձևավորել է ինքը՝ նոր իշխանությունն՝ իր բարձր պահանջներով, իր պատկերացումներով, իր ակնկալիքներով, և հասարակությունն էս առումով շահագրգռված է, որպեսզի նոր իշխանությունը հնարավորինս քիչ ասոցացվի էն համակարգի, էն իշխանության հետ, որն ինքը փոխում է։ Հասարակության էս վերաբերմունքը պետք է դիտարկել նաև այս տեսանկյունից, այսինքն՝ սա նաև իշխանությանը, եթե կարելի է այսպես ասել, ավելի պատասխանատու և ավելի հարազատ որպես մոտենալու դրսևորում է», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Բադալյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ թեման անմիջապես փորձեցին օգտագործել նաև նախկին իշխանությանը հարող շրջանակները։

«Նրանք փորձեցին այս տեղեկատվական, քարոզչական միջավայրում իրենց ռեսուրսներն անմիջապես օգտագործել՝ էս թեման գեներացնելու և իշխանությանը հարվածելու համար։ Անշուշտ սա կա, բայց, կրկնեմ, սա ամենևին չի նսեմացնում կամ չի չեզոքացնում էն օբյեկտիվությունը, որ հանրային արձագանքն իր մեջ պարունակում էր։ Այստեղ օրենսդրական խնդիր էլ կա, անշուշտ», - ասաց Հակոբ Բադալյանը։

Նշենք, որ հարկատուների հաշվին շռայլ պարգևավճարների թեման չի հանդարտվում. լրատվամիջոցներն ու համացանցը բուռն քննարկում են տարեվերջին պետական տարբեր գերատեսչություններում աշխատողների և ղեկավարների ստացած բարձր պարգևավճարները:

Մինչ այս պահը հրապարակված պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններով՝ պետական կառույցներում ամենաբարձր պարգևավճարները Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնյաներն են ստացել: ՊԵԿ նախագահը հերքում է, բայց հրաժարվում է իրական տվյալները հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG