Մատչելիության հղումներ

Նախկին զինծառայողը բացահայտում է, թե ինչպես էին 2008-ին ընտրում Սերժ Սարգսյանին


2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձություններին նախորդած նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը «վաշտ առ վաշտ» կարգադրում էր զինվորականներին ընտրել Սերժ Սարգսյանին՝ այսօր «Ազատության» հետ զրույցում պատմեց բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Մեհրաբյանը, ով 2007-2009թթ․ ժամկետային զինվորական ծառայության էր:

Մեհրաբյանը հավելեց՝ ընտրությունների օրը զինվորականները անգամ չեն էլ քվեարկել․ իրենց անունից արդեն իսկ լրացված քվեաթերթիկները ուղղակի նետվել են արկղերը:

«Ես Արտաշատի կապի ուսումնական զորամասում էի ծառայում՝ կուրսանտ էինք: 2008 թվականի փետրվարի ընտրություններից առաջ զորամաս այցելեց գեներալ֊լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, որը այդ ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր ու վաշտ առ վաշտ զրույց էին անում, ասաց, որ մեր գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, իրեն պետք է ընտրենք՝ ուրիշ տարբերակ չկա», - պատմեց Մեհրաբյանը՝ շարունակելով․ - «Ու կարիք էլ չեղավ, ճիշտն ասած, որ մենք ընտրենք: Արտաշատում ընտրություն արեցինք՝ չեմ հիշում որ տեղամասն էր: Ընդեղ իրանք արդեն մեր զինգրքույկներով ընտրել էին»:

Նա նաև պատմեց, որ 2008թ․իրադարձությունների ժամանակ սպայական անձնակազմին տեղափոխել էին Երևան․ - «Էդ իրադարձությունների ժամանակ հին ծառայողներին՝ սերժանտական կազմին ու սպայական կազմը Երևանում էին, մնացածն էլ՝ սերժանտները, ոստիկանների հետ դեպի Երևան գնացող գլխավոր մայրուղին հսկում էին: Արդեն համար 1 էր՝ տեսակցություն զորամասում չկար, ոչ մի բանից տեղյակ չէինք»:

Մոտ 17 տարի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո 2017թ․ մայիսի 3-ին գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոնից և արձակվեց զինվորական ծառայությունից: Հաջորդն օրն իսկ՝ մայիսի 4-ին, այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: 2018թ․ թավշյա հեղափոխությունից շատ չանցած Էնրիկո Ապրիամովը իր դիմումի համաձայն ազատվեց այդ պաշտոնից:

Այժմ Ապրիամովը Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդականն է հասարակական հիմունքներով: Այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե 2008թ․-ին զինծառայողներին կարգադրել է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:

«Ես հանձնարարություն չեմ տվել և ընդհանրապես դրանով չեմ զբաղվել», - հայտարարեց գեներալը: - «Սուտ են ասում», - պնդեց նա:

Ի դեպ՝ Էնրիկո Ապրիամովը այն զինվորականն էր, ով 2008թ․ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ղեկավարում էր Երևանի Ազատության հրապարակում անցկացված զինվորական շքերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG