Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին նախագահը 13 տարվա ազատազրկման դատապարտվեց


Կիևի դատարանը որոշեց 13 տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պետական դավաճանության և Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու համար: Յանուկովիչը հանցագործություն է գործել Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ», - հայտարարել է դատավոր Վլադիսլավ Դեվյատկոն, պնդելով, թե նախկին նախագահի գործողությունները հնարավորություն են տվել Ռուսաստանին հարձակվել Ուկրաինայի վրա, բռնազավթել Ղրիմն ու բախումներ հրահրել երկրի արևելքում:

Յանուկովիչը պաշտոնանկ արվեց 2014-ին, երբ փորձեց հրաժարվել Եվրամիության հետ մերձենալու Ասոցացման համաձայնագրից և հայտարարեց, թե սերտացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ: Նախագահի այդ որոշման դեմ բազմահազարանոց ցույցեր սկսվեցին, արդյունքում՝ Յանուկովիչը հրաժարական տվեց և ապաստանեց Ռուսաստանում: Քրեական գործով նրան մեղադրանք էր ներկայացված նաև Մայդանի տասնյակ զոհերի համար: Այս մասով, սակայն, դատարանը Յանուկովիչի մեղքն ապացուցված չի համարել:

Ինքը՝ նախկին նախագահը, առաջադրված մեղադրանքները չի ընդունում, և գործը համարում է քաղաքական պատվեր, ավելի քան երկու տարի շարունակված դատաքննությանը նա մասնակցում էր հեռակա՝ տեսակապի միջոցով, իսկ վճռի հրապարակմանը ներկա չէր, ըստ փաստաբանի՝ առողջական խնդիրների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG