Մատչելիության հղումներ

Էրդողան․ Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում չպետք է իշխանության վակուում ստեղծվի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 23-ը հունվարի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 23-ը հունվարի, 2019թ․

Մոսկվան և Անկարան համոզված են` ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից դրական զարգացում կլինի, սակայն առավել կարևոր է, թե ինչ տեղի կունենա այդ տարածաշրջանում Վաշինգտոնի ձեռնարկած քայլերից հետո: Սիրիայի հյուսիսում` նախևառաջ այդ երկրի քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությունը դարձավ չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած Էրդողան-Պուտին բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:

«Այսօր քննարկել ենք նաև, թե ինչպես կազդի Սիրիայի Արաբական Հանրապետությունում հետագա զարգացումների վրա Միացյալ Նահանգների ղեկավարության` ամերիկյան զորքերն այդ երկրի հյուսիսարևելյան շրջաններից դուրս բերելու մտադրությունը: Եթե այդ ծրագրերը, մտադրությունները իրոք կյանքի կոչվեն, ապա դա դրական քայլ կլինի», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը:

Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, սակայն, մոսկովյան բանակցությունների ավարտին շարունակում էր պնդել, որ Անկարայի համար առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե ովքեր են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պատասխանատու լինելու Սիրիայի քրդաբնակ շրջաններում իրադրության վերահսկողության համար:

«Խիստ կարևոր է, որպեսզի ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ շրջանում իշխանության վակուում չառաջանա: Մեր պետության միակ նպատակը Սիրիայի տարածքը գործող ահաբեկչական խմբավորումներից` «Իսլամական պետություն»-ից, «Ժողովրդավարական միություն» կուսակցությունից, «Ժողովրդական պաշտպանության ուժերից» զտելն է», - հայտարարում էր Էրդողանը` հերթական անգամ հավասարության նշան դնելով իսլամիստ զինյալների և ամերիկացիների առանցքային դաշնակիցների` քրդական ջոկատների մարտիկների միջև:

Ռուսական որոշ աղբյուրների պնդմամբ, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը երեկ կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս պաշտոնակցին առաջարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում համատեղ ուժերով անվտանգության գոտի ստեղծել: Պաշտոնական Մոսկվան, սակայն, դատելով Ռուսաստանի ղեկավարի երեկ հնչեցրած հայտարարություններից, կգերադասի, որ Սիրիայի հյուսիսային շրջանները Բաշար Ասադի կառավարության հսկողության ներքո հայտնվեն:

«Մենք աջակցում ենք քրդերի և պաշտոնական Դամասկոսի միջև ծավալվող երկխոսությանը: Այդ երկխոսությունը կնպաստի սիրիական հանրության միավորմանը և ազգային հաշտեցմանը: Դա օգտակար կլինի ոչ միայն Սիրիայի, այլև բոլոր հարևան պետությունների համար», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը:

Այսօր առավոտյան, Ռեջեփ Էրդողանի մոսկովյան այցի ավարտից հաշվված ժամեր անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերության եթերում կրկին անդրադարձավ Սիրիայի քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությանը` չբացառելով, որ թուրքական ուժերը կարող են հատել Սիրիայի հետ սահմանը:

«Մենք հիմա էլ վստահ ենք և բացահայտորեն ասում ենք, որ ի վիճակի ենք միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, սակայն եթե այլ պետություններ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը ցանկանան համագործակցել, մենք դրան չենք խոչընդոտի», - նշում էր թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Այս հարցազրույցում Չավուշօղլուն նաև խոստովանում էր, թե չնայած Անկարայում վստահ են, որ սիրիական կարգավորման առանցքային դրվագներից մեկը պետք է լինի Բաշար Ասադի հեռացումը նախագահի պաշտոնից, այնուհանդերձ, սիրիական և թուրքական կառավարությունների միջև որոշակի կապեր պահպանվում են:

«Մենք անուղղակի կապեր ունենք [Ասադի] վարչակազմի հետ` Ռուսաստանի և Իրանի միջոցով: Անհրաժեշտության դեպքում ուղերձներ են փոխանցվում, դրանք վերաբերում են [քրդական] «Ժողովրդական պաշտպանության ուժերին», ինչպես նաև այլ թեմաներին», - հայտարարում էր Թուրքիայի արտգործնախարարը:

Երեկ Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Սիրիայի խնդրին նվիրված ևս մեկ եռակողմ գագաթնաժողով անցկացնել, որին Էրդողանից և Պուտինից բացի կմասնակցի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք պատրաստվում ենք մոտ ապագայում հերթական նման գագաթնաժողով կազմակերպել Ռուսաստանի տարածքում: Նախագահ Էրդողանի հետ արդեն իսկ պայմանավորվել ենք համաժողովի անցկացման վայրի և մոտավոր ժամկետների մասին: Այժմ պետք է դրանք համաձայնեցնել մեր իրանցի գործընկերների հետ», - նշում էր Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG