Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ:
Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:
Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատում Շվեյցարիայի փորձը, և Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ: Իր հերթին, Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ ևս սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ:
Հայաստանի վարչապետը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ ևս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:
Կագամեն նշել է, որ տեղյակ է «Թումո» կենտրոնի հաջողված գործունեության մասին, և իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:
Իր հերթին, Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, և Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել է մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երևանում անցկացված գագաթնաժողովը և նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:
Կողմերն անդրադարձել են բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Փաշինյանը և Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պետրը Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: