Մատչելիության հղումներ

«Նաիրի Ինշուրանս»-ի կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու գործով դեռևս մեղադրյալներ չկան. ՊԵԿ


«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու գործով դեռ մեղադրյալներ չկան։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանն ասում է՝ դեռ չեն կարող հստակեցնել նաև կասկածյալների շրջանակը:

«Ոչ, այս պահին դեռևս քրեական գործով մեղադրանքներ առաջադրված չեն, դա քննության հետագա փուլերի խնդիր է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում մոտ 200 միլիոն դրամի հարկերը չվճարելու դեպք է հայտնաբերվել: Խոսքը 2016-17 թվականների մասին է, ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ ապահովագրական պայմանագրերը «Նաիրի Ինշուրանս»-ը արհեստականորեն կնքել է միջնորդների միջոցով: Այդ միջնորդները, սակայն, առնչություն են ունեցել ապահովագրական ընկերության հետ և իրականում որևէ ծառայություն չեն մատուցել, սակայն նրանց հաշվին խոշոր գումարներ են դուրս գրվել, այդ գումարները ընկերությունը ներկայացրել է իբրև ծախս և հարկ չի վճարել:

«Խոսքը շուրջ, այս պահի դրությամբ, նախնական հաշվարկով, 200 միլիոն դրամ հարկի գումարի մասին է, թե քանի հոգի են ներգրավված, այս պահին թույլ տվեք չասել», - նշեց Հովհաննիսյանը։

«Նաիրի Ինշուրանս»-ն ի պատասխան հայտարարություն է տարածել, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել են մամուլից, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել իրենց՝ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում:

Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեին մեղադրում է իրենց գործարար համբավն ու հեղինակությունը «արատավորելու» համար և զգուշացնում, որ «ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն՝ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար»:

ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանը, սակայն, ասում է, որ իրենք ստուգումներ են անցկացրել 2018 թվականին, ընկերությունում էլ այդ մասին տեղյակ են եղել:

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ընկերությունը տեղյակ չէ, ապա դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ընկերության ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են, մասնակցել են այլ դատավարական գործողությունների, մի խոսքով՝ ընկերությունը քաջ տեղյակ է ընթացող գործողություններից», - ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ստուգումներ իրականացրել են ոչ միայն «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում:

«Մեր աշխատանքի նպատակը բնավ ընկերության գործունեությանը միջամտելը, խոչընդոտելը, առավել ևս՝ բարի համբավն արատավորելը չէ։ Ապահովագրական դաշտի նկատմամբ խտրական չէ մոտեցումը, հանրապետությունում այնպիսի ապահովագրական ընկերություններ կան, որոնցից մի քանիսի նկատմամբ հարուցված է քրեական գործ և նախաքննություն է ընթանում։ Ապահովագրական բոլոր ընկերություններում իրականացվել կամ իրականացվելու են ստուգողական գործողություններ, խախտումներ ի հայտ գալու դեպքում դրանց տրվելու է համապատասխան արձագանք։ Սխեման բոլորի մոտ գրեթե նույնն է եղել», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Վերջնականապես հստակեցվելու են ընկերության կողմից պակաս վճարված հարկային պարտավորությունների շրջանակը, որոնք ընկերությունը ցանկության դեպքում կարող է վերականգնել պետական բյուջե՝ հաշվարկված տույժերով և տուգանքներով հանդերձ, որից հետո քրեական գործի ընթացքը որպես այդպիսին կավարտվի, այսինքն՝ քրեական գործը կկարճվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG