Մատչելիության հղումներ

«Կ-արաստ»-ը շարունակում է պահանջել լուծարել «Թեղուտ» ՓԲԸ-ն


«Կ-արաստ» ընկերության փաստաբան Գևորգ Գյոզալյան, 23 հունվարի 2019թ
«Կ-արաստ» ընկերության փաստաբան Գևորգ Գյոզալյան, 23 հունվարի 2019թ

Թեղուտի հանքավայրում մոտ 10 տարի անտառահատումներ իրականացրած «Կ-արաստ» ընկերությունը շարունակում է պահանջել լուծարել անցած տարի «Վալլեքս» խմբից ՎՏԲ բանկին անցած «Թեղուտ» ընկերությունը, չնայած վերջինս մարել է նրա 2 միլիոն 162 հազար դրամի պարտքը։ Այսօր Վանաձորի առաջին ատյանի դատարանում «Կ-արաստ»-ի փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, թե չնայած պատասխանող կողմը՝ «Թեղուտ» ընկերությունը, կատարել է իր պարտավորությունը, բայց պնդում են հայցը։

«Քաջ գիտակցում ենք, որ հայցը մերժվելու է, որովհետև ըստ էության, պարտատիրոջ իրավունքից մենք զրկվել ենք։ Ես կարծում եմ, որ, այո, պետք է և դատարանից հայցում եմ լուծարել «Թեղուտ» ՓԲԸ-ն», - նշեց Գևորգ Գյոզալյանը։

Լոռու մարզում հանքարդյունաբերություն իրականացրած «Թեղուտ» ընկերությունը դատարանում առարկել էր, թե իրենք պարտք են «Կ-արաստ»-ին, բայց միևնույն ժամանակ 3 միլիարդ դրամի կապիտալ ունեցող ընկերությունը կատարել է ավելի քան 2 միլիոն դրամի պահանջը, քանի որ հայցի պատճառով դատարանը արգելանք էր դրել «Թեղուտ»-ի կառավարման մարմինների գործունեության վրա։ Ընկերությունը հնարավորություն չուներ իրականացնել որևէ գործարք՝ կապված արդեն մեկ տարի պարապուրդի մատնված հանքավայրը վերաբացելու հետ, չէր կարող անգամ աշխատակիցների հետ պայմանագրեր կնքել։ «Թեղուտ» ընկերության փաստաբան Վանագն Բալաբեկյանը դատարանում հայտարարեց, որ պարտքի նկատմամբ առարկություն ունենալով հանդերձ, կատարել են հայցվորի պահանջը։

«Կիրառված արգելանքի պայմաններում ընկերության գործունեությունը կաթվածահար էր եղել, և ստիպված ընկերությունը առանց առարկություններին ընթացք տալու որոշեց գումար վճարել զուտ նրա համար, որ արգելանքները դուրս գան», - ասաց փաստաբանը։

«Կ-արաստ» ընկերությունը դատարան էր ներկայացրել «Թեղուտ» ընկերության նախկին տնօրենի տեղեկանքը, որտեղ նշված էր, որ անտառահատումներ իրականացրած «Կ-արաստ»-ին պարտք են դեռ 2013 թվականից։ Թե ինչո՞ւ անցած տարիներին «Կարաստ»-ը դատարան չէր դիմել չվճարված գումարն ստանալու պահանջով՝ «Թեղուտ» ընկերությանն անհասկանալի է։

Անցած շաբաթ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ չէին բացառել, որ այս պահանջը միտումնավոր է և, որ դրա հետևում կանգնած է «Թեղուտ» ընկերության նախկին սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը, որը Թեղուտի հանքավայրից զրկվել էր ՎՏԲ բանկին ունեցած 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով։ Այսօր դատարանում հայցվոր «Կ-արաստ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, թե հարցը քաղաքական կողմ ունի, և իրենք չեն հրաժարվում «Թեղուտ» ընկերությունը լուծարելու պահանջից։

«Ազգային ժողովի պատգամավորը, բարձր ամբիոնը օգտագործելով, հայտարարեց, որ «Կ-արաստը», ըստ էության, ֆիկտիվ ինչ-որ կազմակերպություն է, իրականում «Կ-արաստի» հետևը կանգնած է «Վալլեքսը»։ Այսինքն «Վալլեքսը», չցանկանալով կամ իր համար ինչ-որ առավելություն ստեղծելով, ասես թաքնվում է «Կ-արաստի» հետևում։ Մենք դա դիտարկում ենք որպես դատարանի նկատմամբ ճնշում», - նշեց Գյոզալյանը։

Վանաձորի առաջին ատյանի դատարանում հայցի քննությունը կշարունակվի հաջորդ ամիս, մինչ այդ Թեղուտի մեկ տարի առաջ փակված հանքավայրի վերագործարկմանն անհամբեր սպասող նախկին աշխատակիցները ևս համարում են, որ «Լալվար» անտառտնտեսության նախկին տնօրեն Կամո Շահնազարյանին պատկանող «Կ-արաստ» ընկերության հայցի հետևում այլ նպատակներ են թաքնված։

«Անկեղծ ասած էս արհեստականությունը որոշակի միտում է ինձ թվում արդեն տվյալ պարագայում «Կ-արաստի» կողմից, որովհետև փաստացի գումարը վճարված է։ Չեմ մտածում, որ «Կ-արաստ»-ն ինքն իրենով է էդ գործողությունն անում։ Շատ մարդիկ ներկայացնում են, որ «Կ-արաստը» որոշակի ուղղվածություն ունի և ուղարկված է Թեղուտի վրա», - ասաց աշխատակիցներից մեկը։

«800 ընտանիք սովի են մատնել, 800 ընտանիք էլ հետը մոտ 6 հազար մարդ ուղարկել են գրողի ծոցը։ Ինչ-որ մեկը դրա պատասխանը ե՞րբ պիտի տա», - հավելեց մյուսը։

Մինչդեռ «Կ-արաստ» ընկերության ներկայացուցիչը հերքում է, թե միտում ունեն։ Նման հայտարարություն էր տարածել նաև «Վալլեքս» ընկերությունը և հերքել, թե իրենք որևէ կապ ունեն դատարան ներկայացված հայցի հետ։

Նշենք, որ Լոռու մարզում դատարանը քննում է նաև «Վալլեքս» ընկերության փոխնախագահ Սահակ Կարապետյանի հայցը ընդդեմ «Թեղուտ» ընկերության նոր ղեկավարության։ Պահանջում է իրեն վերականգնել ՎՏԲ բանկին անցած ընկերության տնօրենի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG