Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Փաշինյանը հատուկ շեշտել է, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
«Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել է Հայաստանի վարչապետը:
Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։