Հունվարի 9-ին լրացավ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանը և ահա այսօր արդեն 48-րդ անգամ բացվող Ռոտերդամի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճար» խորագրով, ամբողջովին նվիրված է լինելու Սերգեյ Փարաջանովի արվեստին: Այս ծրագիրը Ռոտերդամի կինոփառատոնի կազմակերպիչների հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և կինոկենտրոնի հետ համագործակցող բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը, որի շնորհիվ էլ դեռ անցյալ տարվանից սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացնման և տարածման երկարաժամկետ ծրագիրը:
Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, որն արդեն իսկ ցուցադրվել է ամենատարբեր միջազգային կինոփառատոններում, դե իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ լեհական Fixafilm ընկերության հետ ձեռնամուխ է եղել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի վերականգնման գործընթացին, որի շնորհիվ հնարավոր կլինի հանդիսատեսին մատուցել 103 տուփերում պահվող «Նռան գույնից» դուրս մնացած կադրերը:
Արդեն իսկ վերականգնվել է դրանց 1/3-ը։ Այսօր Ռոտերդամում բացվող կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի կինոարվեստին նվիրված ծրագրի ընթացքում կներկայացվեն նաև այդ վերականգնված տարբերակները: Ինչպես տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը, «Նռան գույնի» վերականգնված և թվայնացված կադրերը կցուցադրվեն ինստալյացիայի միջոցով, Ռոտերդամի «Սուրբ Արմենիուս» եկեղեցում, Տիգրան Մանսուրյանի՝ ֆիլմի համար գրված երաժշտության ներքո:
Այսօր մի շատ ուշագրավ կինոցուցադրություն էլ բացվում է Երևանում՝ Գյոթե կենտրոնում՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ֆիլմերի ցուցադրության մուտքն ազատ է: Մոտ մեկ ամիս ամեն չորեքշաբթի երեկոյան այստեղ կարելի է դիտել 20-րդ դարասկզբին ստեղծված գերմանական ֆիլմեր՝ պատկերացում կազմելու համար գերմանական զարմանահրաշ համր կինոյի մասին, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, անվանի կինոգետ Գարեգին Զաքոյանը:
«Սա շատ կարևոր է ու սա լրիվ մտնում է մեր ֆիլմադարանի գործառույթի մեջ, որովհետև Ամերիկա չեմ բացի, որ ասեմ՝ մեր կինոն էսօր շատ վատ վիճակում է, շատ ցածր մակարդակի վրա է գտնվում։ Դրա հիմնական պատճառը կիրթ հանդիսատեսի բացակայությունն է, որովհետև, եթե կա կիրթ հանդիսատես, կա համապատասխան պահանջարկ անպայման կլինի նաև համապատասխան կինո, որովհետև մեր ժողովուրդը ո՛չ իր տաղանդն է կորցրել, ի՞նչ է պատահել։ Տաղանդները կան, ամեն ինչ կա, մնում է պահանջարկ, իսկ էդ պահանջարկը անկախության օրվանից, երբ որ կինոթատրոնները սեփականաշնորհվեցին, իսկ իրականում վերացվեցին, փաստորեն, բացի «Կինո Մոսկվայից» մենք նորմալ կինոթատրոն չունենք մինչև այսօր։ Եթե կինոթատրոն չկա, վերանում է նաև հանդիսատեսը», - նշեց անվանի կինոգետը։
Գարեգին Զաքոյանի համոզմամբ այս առումով շատ կարևոր է դառնում լավ ֆիլմերի՝ այս դեպքում մասնավորապես գերմանական ֆիլմերի ցուցադրությունը, որն ի դեպ արդեն մոտ մեկ տարվա ժամանակահատվածում է իրականացվում:
«Մեր ժողովուրդը արդեն ընդհանրապես ոչ միայն հանդիսատես է, գերմանական մշակույթին ընդհանրապես, իսկ կինոյին հատկապես շատ վատ ծանոթ է։ Երբ որ նոր սկսեցինք ինձ էնքան կիրթ, նորմալ մարդիկ ասում էին՝ ինչի գերմանական կինո կա՞։ Ոչ թե կա, այլ դա աշխարհի լավագույն կինոմատոգրաֆիաներից մեկն է, այսինքն սա բարձրագույն երևույթ է, որը դժբախտաբար մեզ անծանոթ է։ Եթե հանդիսատեսը ծանոթանա էս մշակույթին, ճաշակը բավականին կբարձրանա և պահանջը, սպասելիքները կինոյից, իմ կարծիքով, պետք է փոխվի։ Պարզապես կինոցուցադրումներ չի, մենք օրինակ ներկայացնում ենք ֆիլմերը, հետո պարտադիր քննարկում ենք», - ընդգծեց Զաքոյանը։
Ի դեպ, արդեն 5 տարի է աշնանը «Ֆիլմադարանը» կազմակերպում է «Ծիրանի ծառ» խորագրով միջազգային վավերագրական կինոփառատոն Ուջան գյուղում՝ մարզային համայնքների բնակիչներին ներկայացնելու համաշխարհային վավերագրական կինոարվեստի բարձրավեստ նմուշներ։