Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի քաղաքական ուժերին և տեղեկացնի, թե ինչ է քննարկել Իլհամ Ալիևի հետ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, խոսքը քաղաքական փակ կոնսուլտացիաների մասին է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի հետ երեկ Դավոսում տեղի ունեցած 1.5 կես ժամ տևած հանդիպումից հետո այսօր Փաշինյանը փոքրիկ պարզաբանում տվեց՝ վստահեցնելով, որ ոչ թե խնդրի կարգավորման դետալներն են քննարկել, այլ բանակցային գործըթնացի պատմությունը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետն այդ հանդիպումներից հետո պետք է քաղաքական ուժերի հետ հանդիպումներ իրականացնի և տեղեկացնի քաղաքական ուժերին, թե ինչ են խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսօր խորհրդարանում երեք քաղաքական ուժ կա, գոնե երեք քաղաքական ուժերի առաջնորդները պետք է տեղյակ լինեն, թե ինչ բանակցություններ են ընթանում, եթե ոչ նաև արտախորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս։ Հետևաբար, եթե գաղտնիք է, հասկանում եմ, որ գաղտնիության ռեժիմ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ այս գաղտնիության ռեժիմի հետ կապված ամբողջական պատասխանատվությունը մնում է իշխանության վրա՝ քննարկումների հետ կապված։ Իսկ այդ տեղեկությունը կիսելով քաղաքական այլ ուժերի հետ, միևնույն ժամանակ պայմանավորվածություն ունենալով գաղտնիության ռեժիմը պահպանել, հնարավոր է նաև այստեղ պատասխանատվության կիսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Մարուքյանի համոզմամբ, քաղաքական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանական կուսակցությունների հետ կոնսուլտացիաների անցկացումը Հայաստանի վարչապետին հնարավորություն կտա լսել նաև այլ կարծիքներ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ինչը հաշվի կառնվի հետագա բանակցությունների ժամանակ։
«Միշտ էլ պարզ է, որ իշխանությունն է թիվ մեկ պատասխանատուն, բայց մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է, և եթե նման կոնսուլտացիաներ կազմակերպվեն վարչապետի կողմից, մենք էլ մեր կարծիքը փակ ռեժիմով կարող ենք ներկայացնել, որի արդյունքում, կարծում եմ, որ ապագա հանդիպումների ժամանակ նա զինված կլինի նաև այլ քաղաքական ուժերի մոտեցումներով, քանի որ հարցն, ըստ էության, համահայկական բնույթի հարց է և զուտ իշխանության ղեկավարի միայնակ բեռը չէ, կարծում եմ, և սա բոլորիս է վերաբերվում, հետևաբար բոլորս էլ պետք է դրա մասնակիցը լինենք և բոլորս էլ պետք է տեղյակ լինենք այդ բանակցություններից», - ասաց Մարուքյանը։
«Առանց հանրությանն իրազեկելու՝ Ղարաբաղի հարցում որևէ որոշում չի կայացվելու»
Իշխող ուժից վստահեցնում են՝ առանց հանրությանն իրազեկելու՝ Ղարաբաղի հարցում որևէ որոշում չի կայացվելու:
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը բացառում է, որ նոր իշխանությունը ճնշումների ազդեցության տակ կարող է Ղարաբաղի հարցում գնալ զիջումների:
«Ազատություն». - Նախկին իշխանությունների կողմից հաճախ է հնչում այդ մտահոգությունը, որ գուցե նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում գնան ոչ ցանկալի զիջումների։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է այս մտահոգությունը բացատրվում, և կա՞ նման մտահոգության առիթ։
Նազարյան. - Շատ հստակ ասվել է, որ որևէ որոշում չի կայացվի՝ առանց դրա մասին հանրայնորեն իրազեկելու, և նաև Ստեփանակերտի խոսքն, ասել ենք, որ շատ վճռորոշ է լինելու այս առումով, ցանկացած պարագայում։ Հետևապես, կասկածներ տարածել, որ կլինեն որոշումներ, որոնց վերաբերյալ մենք նախապես չենք իմանա, կամ հետո կիմանանք, ինձ թվում է, ուղղակի խանգարում են գործին և լարում են իրավիճակը, որը բոլորովին չի օգնում հարցի լուծմանը։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք բացառել, որ գործող իշխանությունը ճնշումների ազդեցության տակ չի գնա այնպիսի զիջումների, որոնք անցանկալի կլինեն հայկական կողմերի համար։
Նազարյան. - Ես դա բացառում եմ ուղղակի՝ հաշվի առնելով նաև հենց այս՝ կառավարող ուժի լեգիտիմությունը։ Որևէ լծակ արտաքին ուժերը չունեն այս իշխանությունների վրա, որպեսզի կայացվի մեր հասարակության, մեր երկրի համար անցանկալի որոշում։
Կարելի է ասել, որ բանակցային գործընթացում աշխուժություն է նկատվում, հեղափոխությունից հետո միայն երկու երկրների արտգործնախարարներն արդեն 4-րդ հանդիպում են ունեցել։ Ընդորում, վերջին՝ հունվարի 16-ին կայացած հանդիպումից հետո, որն ի դեպ տևեց 4 ժամ, պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե կողմերը քննարկել են նաև երկու երկրների ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հարցը:
Ազգային ժողովի փոխնախագահը շեշտում է՝ իրենց համար առաջնային կարևորություն ունի Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը և Ստեփանակերտի խոսքն այս հարցում պետք է վճռորոշ լինի, իսկ ինչ վերաբերում է խաղաղության նախապատրաստման գործընթացին, ապա այն պետք է սկսկվի:
Հարցին, թե եկե՞լ է ժամանակը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, երկու հասարակությունները, երկրները եկե՞լ են փոխհարաբերությունների այն մակարդակին, որտեղ կարելի է արդեն խոսել ժողվուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, Նազարյանը պատասխանեց. - «Իհարկե այդ գործընթացը պետք է սկսվի, ես միանշանակ կողմ եմ, որ մեր հարևանները լինեն ժողովրդավար երկրներ, մարդու իրավունքն առանցքային լինի և եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի Ադրբեջանում, բնականաբար, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլինի նախապատրաստվել խաղաղությանը»։