Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների կեղծումը սկսվեց դասագրքերից․ պատմաբան


Արտապատկերում՝ «Գործ N° մարտի 1» աղմկահարույց ֆիլմից
Արտապատկերում՝ «Գործ N° մարտի 1» աղմկահարույց ֆիլմից

2008-ի արյունալի իրադարձությունների կեղծումը սկսել է դեռևս պատմության դասագրքերից, պնդում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության օրերս հեռարձակած «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը, նրա խոսքով, պատմությունը կեղծելու փորձերի շարունակությունն է՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի օգտին:

«Ֆիլմը Քոչարյանի պաշտպանական գծի մեխանիզմներից մեկն է», - ասում է պատմաբանը։

Վահրամ Թոքմաջյանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին մասնակցել է առաջին օրվանից: Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի վրա ոստիկանների հարձակման և օրվա զարգացումների ականատեսն է եղել: Պնդում է՝ ֆիլմում խեղաթյուրվել է պատմությունը։ Իր արձանագրածը հրապարակել է «Փաստերի ստուգման հարթակ» կայքում: Անգամ հանրահավաքների մեկնարկի օրն է սխալ ներկայացվել: Ֆիլմում նշվում է՝ փետրվարի 19-ը, ընտրատեղամասերի դռները դեռ չփակված: Մինչդեռ հանրահավաքները սկսվել են փետրվարի 20-ից: Ըստ ֆիլմի՝ «ոստիկանության տվյալներով, վրաններում մթերվել են մեծ քանակությամբ երկաթյա ձողեր, նռնակներ ու հրազեն», մինչդեռ այս հայտարարությունն անգամ նախորդ իշխանությունների քննչական գործողությունների արդյունքում որևէ կերպ չհիմնավորվեց, հիշեցնում է Վահրամ Թոքմաջյանը:

«2008-ին բացված գործով դա չապացուցվեց», - հիշեցնում է պատմաբանը՝ շարունակելով․ - «Հաջորդ հանգամանքը՝ որ ցուցարարները կրակել են ոստիկանների վրա։ Դա արդեն ֆիլմում ասում է Ռոբերտ Քոչարյանը և բազմիցս կրկնված թեզ է։ Էլի՝ 2008 թ․ մարտի 1-ի գործով անցնող որևէ մարդու մեղադրանք չի ներկայացվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ ոստիկանի վրա կրակելու։ Քոչարյանի բոլոր հայտարարությունները նախորդ իշխանությունների դատական գործընթացներով հերքվել են»։

Ֆիլմի հեղինակները, խոսելով դիպուկահարների մասին, հարցադրումների միջոցով կասկածի տակ են դնում այն հանգամանքը, որ նշված ուժայինները գործել են իշխանությունների հրահանգով, ավելին, նրանք փորձում են այս պատմության մեջ ներքաշել «երրորդ ուժի», ասում է Թոքմաջյանը՝ հիշեցնելով՝ այն, որ ոստիկանության ուժերի կազմում կիրառվել է դիպուկահար, ժամանակին հայտարարել էր Փաստահավաք խմբի անդամ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը։

Ֆիլմում մարտի 1-ի արյունալի դեպքերի մասին խոսում է նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Ասում է՝ իր ծավալուն խոսքից մի քանի նախադասություն են օգտագործել, աղավաղված չէ, բայց այլ խնդիր կա․ - «Խոսքը գնում է նրա մասին, թե ինչպիսի մեկնաբանություններ, ինչպիսի գնահատականներ են տրվում ֆիլմում, և դրանք ամբողջությամբ խեղաթյուրված են»։

Ֆիլմի ցուցադրումը բորբոքեց Մարտի 1-ին ու դրան հաջորդած իրադարձությունների ականատեսների կրքերը: Նրանք պահանջեցին պատմությունը կեղծելու այս փորձերի դեմն առնել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմի ցուցադրությամբ:

Ֆեյսբուքում ստորագրահավաք նախաձեռնեց հանրային կապերի մասնագետ Կարեն Թովմասյանը։ Ստորագրահավաքին միացողների թիվը բազմապատկվեց, Հանրային հեռուստաընկերությունը՝ հանրության պահանջին տեղի տվեց: Այսօր երեկոյան առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը: Այն նկարահանվել է 2011 թվականին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հանրայինն էլ է Մարտի 1-ի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանում, այն կցուցադրվի Մարտի 1-ի 11-րդ տարելիցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG