Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր կրկին կալանավորվեց և արդեն գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը։ Գլխավոր դատազախության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը դատարանի որոշումը օրինական և հիմնավոր համարեց:

«Մեր բողոքը բավարարվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի», - նշեց Վահագն Մուրադյանը։

Դատարանի կայացրած այս որոշումը պաշտպանական կողմի համար ոչ միայն սպասելի էր, այլև կանխատեսելի։ Ասաց՝ ուղիղ մեկ ամիս առաջ 25 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ արձակված գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Դատավորին երկու անգամ բացարկ է հայտնվել, բացարկը չի ընդունել հատուկ նրա համար, որ կայացնի այս որոշումը։ Դատավորի տրամադրվածությունը ակնհայտ էր, պարզ էր՝ նախքան կալանքի ժամկետները երկարաձգելու բոլոր միջնորդությունները, բողոքները քննել էր հենց այդ նախագահող դատավորը։ Նախագահող դատավորը նախկին կալանքները տվող դատավորի գործընկերն է, նույն տրամաբանությամբ, նույն օրենքը պատկերացնելով։ Բնականաբար, ոչ մի բան չի եղել, ոչ մի նորություն չկա, էնպես չի, որ պաշտպանական կողմը պատրաստ չէր նման լուծումների», - նշեց փաստաբանը։

«Ազատության» դիտարկմանը, որ դատախազությունը առաջ էր քաշում, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. - «Դա փաստ չէ, դա ենթադրություն է, որը որ մեռավ, կյանքի իրավունք չունի այլևս, որովհետև Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, չխոչընդոտեց, չխուսափեց, գործով անցնող այլ անձանց հետ կոնտակտի մեջ անգամ չմտավ, և երբ որ դատարանի որոշման մասին տեղեկացավ՝ անհապաղ ինքն իր կամքով ներկայանում է կալանավայր։ Իր դեպքում պատժավայր, այսինքն, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք կողմնակալությունը և ոչ օբյեկտիվ վերաբերմունքը»։

Փաստաբանն այսօր չբացառեց Մանվել Գրիգորյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը: Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող 62-ամյա գեներալի պաշտպանական կողմը պնդում է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի:

«Քրեական դատավարությունում նախատեսված բոլոր միջոցները էլի կիրականացվեն, բայց դե հասկանալի է ինչ արդյունքներ կարելի է մեր պետական ատյաններում ակնկալել», - ընդգծեց պաշտպանը։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը անցած տարի հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Այսօր, վերաքննիչ քրեական դատարանի առջև բողոքի ակցիա իրականացնող մի խումբ էջմիածնեցիները, որոնք շաբաթներ շարունակ պայքարում էին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ, ցնծությամբ ընդունեցին նրա կալանավորման լուրը:

«Մեզ էս որոշումը նորից թեև տևեց՝ նոր ուժով պայքարենք, որպեսզի կառուցենք ամենահզոր, ամենաուժեղ, ամենամարտունակ և ամենաօրինական Հայաստանը», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG