Մատչելիության հղումներ

Լապշինը Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ ապօրինի կերպով իրեն ազատազրկելու համար


Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ
Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ

Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը այս այցի ընթացքում Արցախ չի գնա: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց այս օրերին Երևանում գտնվող բլոգերը: Նա չի կարծում, որ Արցախ գնալը վտանգավոր է, բայց այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ, ասում է՝ դա կարող է առիթ տալ Ադրբեջանի իշխանություններին շեղել ներքին լսարանի ուշադրությունը երկում կատարվող իրադարձություններից:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ապօրինաբար իրեն ազատազրկելու և բանտում իր դեմ մահափորձի համար։

«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց` տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, Ադրբեջանին տրված է 3 ամիս իրենց առարկությունները ներկայացնելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք», - ասաց Լապշինը:

Բլոգերը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու պատճառաբանությամբ: Ձերբակալությունից հետո Լապշինը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինը Ադրբեջանում դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ այդ երկրի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: 2017 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել: Խոսելով Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին՝ Լապշինը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները հոգնել են Ալիևների իշխանությունից:

«Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ խաղաղությունը կհանգեցնի Ալիևի ռեժիմի տապալման։ Նրանք դա շատ լավ հասկանում են և կփորձեն ձգձգել հակամարտությունը սառեցված վիճակում այնքան, որքան դա հնարավոր է: Նրանց թշնամու կերպար է պետք, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը ցանկացած գնով:

Չնայած նրանք ապրում են դիկտատորական հասարակարգում, բայց Ադրբեջանում շատ ինտիլիգենտ մարդիկ կան, որոնք ուզում են ապրել ազատ երկրում: Նրանք տեսել են, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցած տարի ապրիլին և ուզում են, որ նույնը նաև իրենց մոտ լինի», - նշեց բլոգերը:

Լապշինը Հայաստան է այցելել զուտ որպես զբոսաշրջիկ: Նա նաև հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որպեսզի սահմանային գոտի այցելության թույլտվություն ստանա և իր բլոգում պատմի մարդկանց և գյուղերի մասին, որոնք Ադրբեջանի կրակոցների տակ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG