Մատչելիության հղումներ

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը ռեկտորին անվստահություն հայտնելու հարց չքննարկեց


ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ, 22 հունվարի 2019թ.
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ, 22 հունվարի 2019թ.

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների վերջերս կազմավորված խորհուրդը այսօր խորհրդի նոր նախագահ և քարտուղար ընտրեց:

Նախկինում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում դասավանդած, ինչպես նաև Կարեն Կարապետյանի կառավարությունում կրթության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Մուրադայանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ:

«Պայմանները շատ ավելի բարդացել են՝ թե՛ ֆինանսական խնդիրների, թե՛ հասարակության կրթության նկատմամբ ընկալման տեսակետից։ Բարդացել են նաև, պարզ խոսենք, դասախոսական անձնակազմի ոչ թե պատրաստվածության, այլ այսօրվա ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում տրվող կրթության տեսակից։ Մենք խնդիրներ ունենք բոլոր ուղություններում և բոլոր ուղղություններում կա աշխատանք կատարելու», - ասաց Գևորգ Մուրադյանը։

Մուրադյանի թեկնածությունը առաջադրեց խորհրդի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով մինչև պատգամավորական մանդատը ստանձնելը կրթության փոխնախարարն էր։ Ըստ Հովհաննիսյանի, Գևորգ Մուրադյանի՝ նախկին քաղաքական թիմի հետ աշխատած լինելը, իսկ հիմա ԵՀՊ խորհրդի նախագահ ընտրվելը վկայում է այն մասին, որ իրենք ջրբաժաններ չեն դնում։

«Գևորգ Մուրադյանի թեկնածության առաջադրումը և ընտրությունը նաև խորհրդանշական է այն իմաստով, որ մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ չկան հներ և չկան նորեր։ Մենք շեշտը դնում ենք հիմնականում պրոֆեսիոնալիզմի վրա: Ես կարծում եմ՝ նրա փորձը՝ թե՛ գիտական, և թե՛ կառավարչական մարմիններում աշխատանքային փորձը, մեծ նպաստ կբերեն համալսարանին, համալսարանը բարեփոխումների ճանապարհով տանելու համար», - նշեց Հովհաննիսյանը։

Խորհրդի նորընտիր նախագահը անընդունելի համարեց իրեն նոր իշխանության թեկնածու անվանելը։ - «Ես մի քիչ լավ չեմ հասկանում իշխանական, ոչ իշխանական թեկնածու գաղափարը։ Երևանի պետական համալսարանի խորհուրդը կազմված է 32 անդամից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ձայնի իրավուքը։ Մարդիկ քվեարկել են, հույս ունեմ, ելնելով պրոֆեսիոնալիզմից, ոչ թե հին, նոր կամ նմանատիպ այլ մոտեցումներից», - ընդգծեց նա։

2006 թվականից ի վեր, մինչև նախագահի պաշտոնից հեռանալը, ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ինչպես ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այդպես էլ խորհրդի մի շարք այլ անդամներ Հանրապետական կուսակցությանն էին անդամակցում: Ներկայիս իշխանությունները ընդդիմության դիրքերից նախկինում բազմիցս են քննադատել բուհերի քաղաքականացված լինելը։

Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր և ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանի ներկայությունը ԵՊՀ խորհրդում այս տեսանկյունից խնդրահարույց չէ։

«Համազասպ Դանիելյանը կուսակցական էլ չէ, կարելի է ասել, բայց եթե դուք շատ ուշադիր նայեք նույն համալսարանի խորհրդի կազմը, էստեղ կտեսնեք այլ կուսակցությունների ավելի շատ ներկայացուցիչներ, ինչը ենթադրում է, որ ընդհանրապես այդ՝ «կուսակցական է, կուսակցական չէ», դա կարևոր խնդիր չէ իրականում։ Կարևորը չքաղաքականացվածությունն է և մթնոլորտն է, որ քաղաքական օրգանիզմ չպետք է լինի բուհական համակարգը։ Խորհրդի նախագահների վերջին մի քանի ընտրությունները ցույց են տալիս, որ մենք այդ գիծը պահում ենք», - պատասխանեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Գործող օրենսդրությամբ ԵՊՀ խորհուրդն ունի 32 անդամ, որից 16-ը նշանակված են կառավարության և կրթության նախարարության կողմից, մյուս 16-ը՝ ընտրված են դասախոսական կազմից և ուսանողներից։ Ըստ Հովհաննիսյանի, սակյան, առաջիկայում կընդունեն բարձրագույն կրթության մասին նոր օրենք, որը հիմնովին կփոխի գործող համակարգը, կընդլայնի բուհի խորհրդի լիազորությունները։

«Նոր օրենքի նախագիծ է լինլու, արդեն օրենսդրական հիմքով ստեղծվելու են նոր խորհուրդներ, լրիվ նոր տրամաբանությամբ», - ասաց Հովհաննիսյանը։

ԵՊՀ-ի ռեկտորը 2006 թվականից Արամ Սիմոնյանն է, ով 2015-ին 2-րդ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում, նրա պաշտոնավարման 3-րդ ժամկետը լրանում է 2020 թվականին։

Հանրապետական կուսակցության անդամ Արամ Սիմոնյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հրապարակավ մեղադրել է բուհում չարաշահումներ թույլ տալու մեջ։ Իսկ այդ մեղադրանքները զրպարտություն համարած Սիմոնյանը հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամ հրաժարական տալ, եթե նորընտիր խորհուրդն իրեն անվստահություն չհայտնի։ Նման հարց խորհրդի այսօրվա օրակարգում չկար։

ՀՀ դատախազությունից տեղեկացանք, որ Վերահսկողական ծառայությունից դատախազություն ուղարկված նյութերը այժմ գտնվում են Ոստիկանության 6-րդ վարչությունում, որտեղ դրանք ենթրակվում են ստուգման՝ պարզելու, արդյոք ԵՊՀ-ում թույլ տրված չարաշահումներում քրեական հանցակազմ կա թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG