Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատազախության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը։

«Մեր բողոքը բավարարվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի։ Այսինքն՝ Մանվել Գրիգորյանն այսօր կկալանավորվի։ Որոշումն օրինական և հիմնավոր էր», - ասաց Մուրադյանը։

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Վերաքննիչ դատարանը երեկ վերսկսել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG