Մատչելիության հղումներ

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ


Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նա Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ընկերության հիմնադիրը։

«Մենք խնդիրներ ունենք բոլոր ուղղություններում, և բոլոր ուղղություններում կա աշխատանք կատարելու։ Առաջնային նպատակը, որը տեսնում եմ, դիագնոստիկան է։ Պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունները, պետք է հասկանալ, թե ինչ պոտենցիալ ունի Երևանի պետական համալսարանը, ինչ բարեփոխումների հնարավորության դեպքում մենք կարող ենք բերել ավելի շատ գումարային ներհոսք դեպի Երևանի պետական համալսարան, թե՛ շատ ավելի լավ վարձատրել մեր դասախոսներին, թե՛ միջազգային իմաստով շատ ավելի բարձր որակի կրթություն տալ ուսանողներին։ Այդ երեք կետերի միավորման արդյունքում կստանանք համակարգ, որը կբերի Երևանի պետական համալսարանի հեղինակության բարձրացմանը։ Մի բան, որ կարող եմ խոստանալ՝ իմ բոլոր գործողությունները միշտ ուղղված են լինելու ԵՊՀ-ի օբյեկտիվ շահին», - իր ելույթում ասաց Մուրադյանը։

ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, սակայն իր հրաժարականից հետո նա հրաժարվեց նաև այս պաշտոնից։

Քանի որ փոխվել է նաև կառավարության կազմը, բուհերի կառավարող խորհուրդներում ի պաշտոնե ընդգրկված նախկին պաշտոնյաների գործունեությունը ևս դադարել է:

Բուհերի կառավարող խորհուրդները ձևավորվում են 5 տարի ժամկետով: Գործող օրենքի համաձայն, դրանց անդամների 25 տոկոսը կառավարության կազմից պետք է լինեն, 25 տոկոսին կրթության և գիտության նախարարությունն է առաջադրում, 25 տոկոսը բուհի պրոֆեսորադասախոսական կազմից են և 25 տոկոսը՝ ուսանողության ներկայացուցիչները: Խորհրդի կազմը հաստատում է վարչապետը:

Հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ռեկտորին, քննարկում և հաստատում բուհի կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG