Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել․ Սուրեն Պապիկյան


Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Արարատի մարզպետը իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ապա նա, ըստ Պապիկյանի, գործել է օրենքի շրջանակում:

«Խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել [Արարատի մարզպետի հարցով], և լիազոր մարմինը այս խնդրի հետ կապված, կարծում եմ, քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա», - մանրամասնեց տարածքային կառավարման նախարարը։ - «Այնուամենայնիվ, իրավական փոքրիկ խնդիր կա, որը կկարգավորվի»։

Ինչ վերաբերում է «Ազատության» այն դիտարկմանը, թե բարոյական առումով մարզպետներն իրավունք չունեին իրենք իրենց համար այդքան մեծ չափով պարգևավճարներ սահմանել, ապա նախարարը նշեց․ - «Քանի որ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել պարգևատրման փաստը, ես ուզում եմ խոսել պետական համակարգում և ընդհանրապես գործատու-աշխատող հարաբերություններում 13-րդ կոչվող աշխատավարձի մասին, որը մեր պետական համակարգում որպես կանոն չի տրվել, որովհետև միջոցները սուղ են, և ամանորին ընդառաջ՝ մշտապես գործատուն կարողացել է խնայված միջոցներից ինչ-որ չափով՝ կախված տարվա ընթացքում ճիշտ կառավարման արդյունքում առաջացած միջոցներից, տրամադրել է իր աշխատողներին։ Այս տարին չի տարբերվում մյուս տարիներից, որովհետև նույն աշխատողները ամանորից առաջ այդ պարգևավճարի կարիքը ունեն»։

Անդրադառնալով խնդրի բարոյական կողմին՝ Սուրեն Պապիկյանը նշեց․ - «Գիտեք՝ վարձատրության մասով մենք փոփոխությունների կարիք ունենք, որովհետև պետական պաշտոնյաների վարձատրությունը և նոր Հայաստանում պետական պաշտոնյայի կյանքը ավելի լավը դարձնելու կամ գոնե տանելի դարձնելու խնդիր էլ մենք ունենք։ Այսինքն՝ այդ նույն պրոֆեսիոնալներին ներգրավել պետական համակարգ, երբ, օրինակ, բանկում աշխատող տնտեսագետին մենք հրավիրում ենք աշխատելու, նա երկու-երեք անգամ պակաս է ստանում ու ինքը գիտի, որ այդ աշխատավարձից բացի այլ ակնկալիք ունենալ չի կարող։ Հիմա, գոնե տարվա մեջ մի անգամ, եթե լիազոր մարմինը թույլատրում է մարզպետին մեկ անգամ գոնե պարգևատրել։ Այսինքն՝ այստեղ մեղքը դնել մեկ-երկու մարզպետի վրա ու նաև չանդրադառնալ նրան, թե իսկ ինչո՞ւ չեն պարգևատրել մյուս մարզպետները՝ օրինակ Լոռու, Շիրակի։ Խնդիրն այն է, որ հնարավոր չի եղել մյուս մարզպետարաններում միջոցներ խնայել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG