Մատչելիության հղումներ

Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ էլ պարգևատրելու. Հայկ Մարության


«Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ էլ պարգևատրելու», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ուղիղ եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ազատության» հարցին՝ ստացա՞ն Արդարադատության նախարարությունից պատասխան, կարո՞ղ են հրապարակել պարգևատրման ցանկը, Մարությանը պատասխանեց. - «Մենք դեռ նամակը չենք ստացել։ Բնականաբար, ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ էլ պարգևատրելու։ Իմ՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելը շատ սկզբունքային հարց է և կապված չի գումարների հետ»։

«Հանրությունը գիտի թիվը՝ 474 միլիոն։ Ուզում եմ նշել, որ սա արդեն նախատեսված էր 2018 թվականի բյուջեում, և մենք ինչպես նախատեսված էր, այդպես էլ բաշխել ենք։ Իսկ 2019 թվականին արդեն վերանայելու ենք բոլոր պարգևատրումները, գնահատելու ենք՝ իրականում էդ մարդիկ էդքան օգուտ տալիս են պետությանը, չեն տալիս համայնքին և ըստ դրա, կտեսնենք ինչքան էին ստացել և, եթե ինքը իքս էր ստացել, այժմ պետք է ստանա իգրեկ, և եթե իքսը շատ է՝ պետք է իջեցնենք էնքանով, որ միջինացվի իգրեկի չափով», - նշեց Երևանի քաղաքապետը։

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Հայկ Մարությանը նշեց՝ շենքերից աղբատար խողովակները հանելը պետք է լինի քաղաքացիների համաձայնությամբ, քանի որ դրանք պատկանում են շենքի բնակիչներին։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի նշած «մահվան վերելակներով» վերուվար արե՞լ է, պատասխանեց. - «Այո, ես ինքս արել եմ, հաճախ անում եմ, երբ գնում եմ հայրիկիս տուն, շատ լավ ծանոթ եմ խնդրին և մենք այս խնդրին լուծում ենք տալու։ Մոտ 3 հազար 800 վերելակ պետք է ընդհանրապես փոխել, մոտավորապես 2-3 տարվա ընթացքում սա պետք է իրականացվի։ Հիմա մենք արդեն գույքագրում ենք՝ ինչ ծավալներով է աշխատանքը։ Այժմ այն փուլում ենք, որ պետք է հասկանանք, որտեղից ենք գտնելու ֆինանսները, որ դա իրականացնենք»։

Մարությանը հավելեց, որ տարին մեկ անգամ ԱԻՆ-ը ստուգում է անցկացնում և միայն դրական կարծիքի ժամանակ թույլատրում են, որ վերելակը գործարծվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG