«Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության հեռարձակած «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը վրդովեցրել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին։
2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ֆիլմը Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պատվերն է։
«Քոչարյանը փաստերը խեղաթյուրում է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նա ինչ ձևի սուտ է խոսում․ ասում է, որ մենք Ազատության հրապարակում ընդամենը կոչ արեցինք, որ գալիս ենք զենքի ստուգման՝ տեսնենք վրաններում զենք կա, թե չկա։ Այդպիսի բան չի եղել, սուտ են անում։ Նրանք միանգամից գազանավարի հարձակվել են ժողովրդի վրա», - հայտարարեց Սարգիս Քլոյանը։
Սարգիս Քլոյանն ասաց՝ ֆիլմը դիտելուց հետո է կռահել, որ այն Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչական նպատակ է ունեցել և իրենց ողբերգությունը պարզապես այդ նպատակով շահարկել են: Հակառակ դեպքում իր խոսքից կօգտագործեին այն հատվածները, որոնք վերաբերում էին խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից ծեծելով վտարելուն և սադրիչների ավերածություններին: - «Քննադատել եմ բոլորին, բայց էդ մասին ոչ մի բան ֆիլմում չկա», - պատմեց նա։
Ֆիլմում 2008-ի փետրվարյան շարժման, մարտի 1-ի դեպքերից բացի ընդգրկվել է Քոչարյանին կալանավորելու ժամանակահատվածը: Օգտագործվել նաև Հատուկ քննաչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցը: Ֆիլմի հեղինակը ռուսաստանաբնակ լրագրող Ռոման Բաբայանն է, որի մասին խոսք չի եղել նկարահանման փուլում, վստահեցնում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյանը: Ֆիլմի ռեժիսորն է դիմել Հայ ազգային կոնգրեսին՝ Մարտի 1-ի զոհերի ծնողների հետ հանդիպումը կազմակերպելու խնդրանքով:
«Ասել է, որ ինքը ֆիլմ է նկարում միայն զոհերի մասին։ Ու որևէ քաղաքական կոմպոնենտի, քաղաքական իրադարձությունների մասին որևէ խոսակցություն չի եղել», - պատմեց Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Ըստ էության՝ մեր վստահությունը չարաշահելով, պարզվեց, որ նկարահանվել է մեղադրյալ Քոչարյանի պատվերով ֆիլմ»։
Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ֆիլմը ծայրից ծայր կեղծիք է և Արմեն Խաչատրյանի խոսքով, պատահական չէ, որ ֆիլմը ցուցադրվել է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությամբ և զուտ Քոչարյանի օգտին քարոզչություն իրականացնելու նպատակ է հետապնդում։
Անկախ նրանից ֆիլմն ինչպիսին է՝ ապրելու իրավունք ունի, ընդդիմախոսներին հակադարձում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: Ըստ նրա՝ հեռուստաընկերությունն է առաջարկել հեղինակին ֆիլմը ցուցադրել՝ ապահովելով նաև հայերեն թարգմանությունը:
«Եթե մենք դեմոկրատական երկիր ենք, եթե մենք ազատ խոսքի կրող երկիր ենք մեզ համարում, մենք պետք է ունենանք տարբեր տեսակետներ, տարբեր տեսակի ֆիլմեր։ Սա դոկումենտալ աշխատանք է, իսկ ես շատ լավ գիտեմ, ինչպես է ծնվում դոկումենտալիզմը։ Շատ-շատ մարդկանց գուցե դուր չի եկել, բայց շատ-շատ մարդկանց դուր չեն եկել նաև մյուս տարբերակները, որ եղել են», - հայտարարեց Հարություն Հարությունյանը։
Ինչ վերաբերում է հեռուստաընկերության սեփականատիրոջն ու Քոչարյանի օգտին քարոզչությանը, Հարությունյանն ասաց․ - «Բոլորին հայտնի է՝ ով է հեռուստատեսության սեփականատերը։ Հեռուստատեսության սեփականատերը որքան որ Ռոբերտ Քոչարյանի մարտական ընկերն է, այնքան էլ ինքը այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի քավորն է։ Հիմա կարելի է կապել նրա հետ, կարելի է կապել նաև սրա հետ։ Բայց բացարձակ կապ չունի՝ ես համաձայն եմ էս ֆիլմի հետ, թե համաձայն չեմ։ Եթե շատ անկեղծ՝ ես գնահատում եմ, որ տղաները շատ լավ են աշխատել, շատ ավելի կողմերի են ապահովել։ Հիմա թե մարդիկ ինչ կասեն՝ ինչ են գրել, ինչն են մոնտաժել․․․ հիմա ցանկացած բան, եթե ուզենան անվանարկել, հնարավոր է ցանկացած բան անվանարկել»։
Բացի բովանդակությունից ֆիլմը քննարկվում է նաև իրավական հարթությունում: Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, որը 2011-ին հեղինակել է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ռոման Բաբայանը և ընկերները իրենց ֆիլմից կադրեր են օգտագործել՝ առանց համապատասխան թույլտվություն ստանալու։ Պասկևիչյանը պահանջում է «Հինգերորդ ալիքի» ֆեյսբուքյան և յություբյան էջերից հեռացնել ֆիլմը և նշել․ - «Իսկ Ռոման Բաբայանի և ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում»։
«Հինգերորդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը հիշեցնում է՝ ինքը չէ պատասխանող կողմը, իսկ 2008 թվականի դեպքերի վերաբերյալ համացանցում կադրեր շատ կան: