Առաջիկա մարտ ամսից Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական ինտերնետային հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։
Շուրջ 7 տարի առաջ պոլսահայ մտավորական Արամ Քուրանի և նրա ընտանիքի ջանքերով հիմնված «Լույս» ամսագրի հաջողությունը հուշեց հեռուստաալիք ստեղծելու գաղափարը։ Առաջին հեռարձակման փորձն արդեն արել են՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը ուղիղ եթերով ցուցադրելով Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցու ու Շիշլիի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու տոնական պատարագները։
«Լույս TV»-ի համահիմնադիրներից Հարություն Քուրանի խոսքերով, այժմ հեռուստաալիքը պատրաստվում է շուրջօրյա հեռարձակման՝ ծրագրի հստակեցման, թիմի ձևավորման, տեխնիկական վերազինման աշխատանքներ են ընթանում։
«Լուրեր պիտ ըլլա, մեր կրոնքին, հայերենու մասին, զավակներու մասին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հարություն Քուրանը։ - «Մշակութային հաղորդումներ էլ կըլլա, մեր երգը, մեր պարը պիտ ըլլա, Հայաստանեն լուրեր պիտ ըլլա, որովհետև մենք շատ կուզենք Հայաստանին հետ կապ ստեղծենք»։
«Լույս TV»-ի համահիմնադիրը ուրախությամբ նշեց, որ հայկական հեռուստաալիքի ստեղծման ճանապարհին Թուրքիայի իշխանությունների կողմից ոչ մի արգելքի չեն հանդիպել և անհրաժեշտ փաստաթղթերը շատ կարճ ժամանակում հաջողվել է ավարտին հասցնել։
«Պետությունը մեզի շատ օգնեց։ Անոնք ալ ըսին, որ դուք Թուրքիո համար գույն մըն եք, Թուրքիոյեն պատմելու համար մեզի համար շատ կարևոր է։ Եվ բոլոր այս գործընթացները շատ քիչ ատենի մեջ վերջացուցինք», - մանրամասնեց Քուրանը։
Քուրանը պատմեց, որ անդրանիկ հեռարձակումից հետո աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերից քաջալերական նամակներ են ստացել, ինչը շատ ոգևորիչ ու պարտավորեցնող է:
Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական հեռուստաալիքի՝ «Լույս TV»-ի առաքելությունը աշխարհի բոլոր հայերին պոլսահայերի կյանքին, մշակույթին, պատմությանը հաղորդակից դարձնելն է՝ այսպիսով յուրատեսակ կապ ստեղծելով Թուրքիայի հայության, սփյուռքի ու Հայաստանի միջև: