Մատչելիության հղումներ

ՊԵԿ. «Նաիրի Ինշուրանս»-ը, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս, հարուցվել է քրգործ


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Ըստ հաղորդագրության, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերության ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:

Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերության նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերության կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):

Դեպքի առթիվ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը,որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG