Թուրքիայի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Ստամբուլում Ամերիկայի հյուպատոսարանի ավելի քան 20 տարվա աշխատակից Մեթին Թոփուզին՝ լրտեսության և 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով, հաղորդում է Associated Press-ը, որը ծանոթացել է 78-էջանոց մեղադրական եզրակացությանը:
Ըստ այդմ, թուրք քննիչները պնդում են, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցն ակտիվ կապի մեջ է եղել թուրք ոստիկանների հետ, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձին աջակցելու, Էրդողանի ընդդիմախոս գյուլենականների հետ կապի մեջ լինելու գործով: Ընդ որում, որպես հայցվոր, հանդես են գալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Մեղադրականում, ըստ Associated Press-ի, ներառված են հեռախոսազրույցների ձայնագրություններ, բջջային հաղորդագրություններ, վկաների և երկու կասկածյալների ցուցմունքներ: Առաջիկայում դատարանը պետք է որոշի՝ քննության առնել գործը, թե՞ այն ուղարկել հավելյալ ուսումնասիրության:
Թոփուզն ազատազրկվել էր մեկուկես տարի առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, ինչը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել ՆԱՏՕ-ի անդամ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում: Ամերիկյան կողմը ժամանակավորապես դադարեցրել էր վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին, ինչին հետևել էր Անկարայի համարժեք արձագանքը:
Տարաձայնությունը հարթելու համար անցած տարի Վաշինգտոնը պաշտոնական պատվիրակություն էր գործուղել Թուրքիա, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պնդել էին՝ հյուպատոսարանի աշխատակիցները չեն կարող ազատազրկվել, եթե դիվանագիտական առաջադրանք են կատարել և շփումներ ունեցել դեսպանատան պահանջով: Այն ժամանակ Թուրքիայում Նահանգների դեսպան Ջոն Բաասը Պետքարտուղարության կայքում տեղադրված տեսաուղերձում պնդել էր՝ «այնպիսի տպավորություն է, ասես Թուրքիայում որոշ պաշտոնյաներ փորձում են քայքայել թուրք-ամերիկյան հարաբերությունները»:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին Financial Times-ին ասել էր․ - «Ամերիկյան որևէ վարչակազմ թույլ չի տա իր հետ այսպես վարվել՝ անկախ այն հանգամանքից, թե որքան կարևոր է այդ երկիրը Վաշինգտոնի համար»:
Միացյալ Նահանգների փաստարկները, սակայն, թուրքական կողմին չէին համոզել, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել էր՝ Թուրքիան ինքնավար պետություն է՝ անկախ դատական համակարգով, որի որոշումներին որևէ մեկն իրավասու չէ միջամտել:
Թոփուզից բացի Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել նաև ամերիկյան հյուպատոսության երկու այլ աշխատակիցների դեմ՝ թարգմանիչ Համզա Ուլուքայի, ով ազատազրկված է՝ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու, քուրդ զինյալների հետ համագործակցելու մեղադրանքով, և Մեթե Քանթուրքի, ով մեկ տարի է՝ գտնվում է տնային կալանքի տակ: