Մատչելիության հղումներ

Իսրայելի քրիստոնյաների պահանջով Հայֆայում կազմակերպված ցուցահանդեսը ժամանակից շուտ կփակվի


Իսրայելի հայկական համայնքը հին տոմարով հունվարի 18-ին մեծ հանդիսավորությամբ Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքում տոնեց Սուրբ ծնունդը: Իսկ երեկ առավոտյան արդեն բացի Երուսաղեմից նաև Յաֆոյում ու հյուսիսային Հայֆա քաղաքում մատուցվեցին պատարագներ ու տեղի համայնքները տոնեցին Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության տոնը:

Շաբաթը, բացի տոնական լինելուց, նաև լարված էր հատկապես երկրի հյուսիսում, մասնավորաբար Հայֆա քաղաքում: Նախօրեին հայտնի դարձավ, որ ի վերջո քրիստոնեական համայնքների ճնշման արդյունքում ու Երուսաղեմի պատրիարքների համատեղ դատապարտող հայտարարություններին տեղի տալով՝ Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ-Ռոտեմը որոշել էր Հայֆայի քաղաքապետարանին պատկանող արվեստների թանգարանում ցուցադրվող և քրիստոնյաների ցասումն առաջացրած մոտ երկու մետր երկարությամբ խաչը, որի վրա Աստծո որդու փոխարեն ծաղրածուի շորերով խաչված է Ռոնալդ Մակդոնալդը, իջեցնել պատի վրայից:

Խաչի վրա նաև «Մակդոնալդս» արագ սննդի կետերի տարբերանշանն է պատկերված, որն էլ առաջացրել էր քրիստոնյաների զայրույթը: Ցուցահանդեսի հեղինակը ազգությամբ ֆին Յենի Լինոննենն է: Այդ ցուցահանդեսը դադարեցնելու հետ կապված բախումներ եղան անցյալ շաբաթ քաղաքի հարյուրավոր քրիստոնյաների ու հրեա ոստիկանների միջև, որի հետևանքով երեք ոստիկան էր վիրավորվել, ձերբակալվել էին երեք արաբ քրիստոնյաներ, որոնք տարվել էին ոստիկանություն: Ցուցարարներին միացել էին քաղաքի մահմեդականները, նաև հարակից բոլոր քաղաքներից ու ավաններից քրիստոնյաներն ավտոբուսներով ժամանել էին Հայֆա և փորձել էին ճեղքել ոստիկանների պաշտպանությունն ու պատերից իջեցնել քրիստոնեական հավատքը վարկաբեկող ցուցանմուշները: Գրեթե յուրաքանչյուր օր քաղաքի քրիստոնյա համայնքի հոգևոր պետերը ժողովներ էին անցկացնում և բանակցություններ վարում քաղաքային իշխանությունների և ոստիկանության հետ՝ խնդիրը կարգավորելու համար: Բացի այդ խաչից կային նաև բազմաթիվ այլ ցուցանմուշներ, որոնք ցուցարարները պահանջում էին հեռացնել ցուցահանդեսից: Ի վերջո այդ սրահի պատուհանների վրա վարագույրներ էին կախվել, անցակետ էր դրվել և գրառում էր կատարվել, որ այդ սենյակ մուտքն արգելվում է, բայց այս ամենը չէր բավարարել ցուցարարներին:

Երկու օր առաջ քաղաքապետն իր Թվիթերի էջում գրել էր, որ խաչն իջեցվել է, իսկ մնացած ցուցանմուշները տեղափոխվել են փակ սենյակ: Նա շնորհակալություն էր հայտնել քրիստոնեական համայնքների ղեկավարներին համագործակցության և հետագա բռնությունները կանխելու համար:

Քրիստոնյաների գլխավոր բանագնացը Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն էր: Հոգևոր հովվի տեղեկացմամբ, ցուցահանդեսը շարունակվելու էր մինչև փետրվարի 17-ը, բայց այն, ամենայն հավանականությամբ, կփակվի արդեն առաջիկա շաբաթ:

«Փաստորեն կարճվեցին ցուցահանդեսի օրերը, իսկ խաչը արդեն հանված է», -«Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Տիրայր քահանա Հովակիմյանը:

Ավելի վաղ Երուսաղեմի երեք պատրիարքներ հայտարարությամբ էին հանդես եկել՝ խստորեն քննադատելով Հայֆայի քաղաքային իշխանությունների կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված նմուշները, որոնք որակվել էին որպես վիրավորական քրիստոնյաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG