Մատչելիության հղումներ

Հազարավոր մարդիկ Ստամբուլում ոգեկոչեցին Հրանտ Դինքի հիշատակը


Թուրքիա - Ստամբուլում ոգեկոչում են Հրանտ Դինքի հիշատակը, 19-ը հունվարի, 2019թ․
Թուրքիա - Ստամբուլում ոգեկոչում են Հրանտ Դինքի հիշատակը, 19-ը հունվարի, 2019թ․

«12 տարի է արդարություն չկա, Հրանտը չկա, հրաժարվել չկա». - այս ուղերձի ներքո հազարավոր մարդիկ այսօր Ստամբուլում հավաքվել էին «Ակօս»-ի նախկին խմբագրատան առջև՝ հիշելու 12 տարի առաջ թուրք ազգայնականի կրակոցներից սպանված պոլսահայ նշանավոր մտավորական, «Ակօս»-ի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին:

Թուրքական ոստիկանությունը լայնածավալ միջոցառումներ էր ձեռնարկել՝ ապահովելու հավաքի անվտանգությունը, փակվել էին խմբագրատուն տանող ավտոճանապարհները, հարակից մետրոյի կանգառը:

Այս տարի «Ակօս»-ի խմբագրատան պատշգամբից Դինքին նվիրված խոսքով հանդես եկավ 1948 թվականին ձերբակալված և անհետ կորած թուրք նշանավոր արձակագիր Սաբահադդին Ալիի դուստրը՝ Ֆիլիզ Ալին: «12-րդ անգամ հավաքվել ենք քո ձեռքերով հիմնած, մեծացրած «Ակօս»-ի շենքի առաջ, քեզ մեզնից խլած խավարի դեմ կանգնելու, քո և ընտանիքիդ կողքին լինելու համար», - ասաց նա:

Դինքի մահվան հերթական տարելիցի կապակցությամբ ուղերձ են հղել նաև շուրջ մեկ տարի կալանավորված թուրք հայտնի հասարակական գործիչ, «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալան, Թուրքիայի լրագրողների միության նախագահ Թուրգայ Օլջայթոն:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դինքին հիշելու եկած մտերիմների պահանջը մեկն էր՝ արդարություն:

«12 տարի է արդարության համար ենք պայքարում, բայց, դժբախտաբար, այսօր շատ հեռու ենք մեր նպատակից», - «Ազատության» հետ զրույցում նշեց Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, որն օրերս առաջարկել էր Դինքի սպանության գործի քննություն սկսել թուրքական Մեջլիսում: «Բայց մենք էլ այս արդարության պայքարը պիտի շարունակենք, և մի օր, այդ օրը շատ մոտ չէ, բայց գալու է մի օր՝ Հրանտ Դինքի և Ցեղասպանության համար արդարություն պիտի հաստատենք», - ասաց Փայլանը:

Հրանտ Դինքին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Անկարայում, Իզմիրում, Բեռլինում, Քյոլնում, Լոս Անջելեսում և Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG