Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում


Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի`այսօր տարածած հայտարարությունում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,֊ հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը՝ հավելելով. ֊ «Եվրամիությունը սպասում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում`արտգործնախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար»:

«Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` ԵՄ Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումներով: Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել իր հնարավորությունները», ֊ այսօր իր տարածած հայտարարությունը եզրափակում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG