ՎՏԲ բանկին անցած «Թեղուտ» ընկերության ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանի պնդմամբ՝ Թեղուտի հանքավայրը հնարավոր չէ վերագործարկել, քանի դեռ դատարանի որոշմամբ ընկերության հաշիվները կալանքի տակ են, և դատարանը քննում է «Թեղուտ» ընկերությունը լուծարելու պահանջը։
Պահանջը ներկայացրել է հանքավայրի տարածքում մոտ տասը տարի անտառհատումներ իրականացրած «Կ-արաստ» ընկերությունը, որը պատկանում է «Լալվար» անտառտնտեսության նախկին տնօրեն Կամո Շահնազարյանին։ Վերջինս դիմել է դատարան և պահանջել լուծարել ընկերությունը «Կ-արաստ»-ին ունեցած 2 միլիոն 162 հազար դրամ պարտքի պատճառով։
«Թեղուտ» ընկերության փաստաբան Վահագն Բալաբեկյանը ընկերության նախկին ղեկավարների հետ ավելի քան տասը տարվա գործընկերոջ՝ «Կ-արաստ» ընկերության գործողություններում միտում է տեսնում։ «Ես կարծում եմ, որ ներկայացված պահանջն ու կիրառված հայցի ապահովումը թույլ է տալիս նաև եզրահանգելու, որ ոչ թե իրական նպատակը գումարի բռնագանձել և այդ գումարի չափով բավարարում ստանալն է, այլ չեմ բացառում, որ թաքնված կամ հեռուն գնացող քայլերի ինչ-որ շարանի մի մաս է սա և կոնկրետ այլ նպատակներ է հետապնդում», - ասաց փաստաբանը։
Դատարանը դեռ անցած տարվա սեպտեմբերին քննության է առել «Թեղուտ» ընկերությունը լուծարելու պահանջի մասին հայցն ու կալանքի տակ առել ընկերության հաշիվները։
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց «Թեղուտ» ընկերության միջնորդությունը և վերացրեց հաշիվների նկատմամբ կալանքը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը վճարել է պարտքը: Հունվարի 23-ին դատարանը կշարունակի քննել «Թեղուտ» ընկերությունը լուծարելու՝ «Կ-արաստ»-ի պահանջը:
Նշենք, որ օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ Թեղուտում և հարակից բնակավայրերում հանքավայրի վերագործարկումը տապալվելու մտավախություն և խուճապ կա, և հարց ուղղեց Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանին․ - «Ես ցանկանում եմ լսել Ձեր դիրքորոշումը առհասարակ Թեղուտի հանքի վերագործարկման մասով, ինչպես նաև խնդրել հանձնաժողովի նախագահ ընտրվելու պարագայում այս հարցը պահել ուշադրության կենտրոնում այնպես, ինչպես գործադիրի ուշադրության կենտրոնում է՝ վարչապետի մակարդակով»։
Բաբկեն Թունյանը շեշտեց, որ շատ տեղեկացված չէ, բայց խոստացավ, որ հանձնաժողովը ձևավորվելուց հետո կզբաղվի այս հարցով։ «Ես Ձեր հարցը ավելի շատ ընկալեցի որպես տեղեկատվություն, որով պետք է զբաղվել, ու էնպես հասկացա, որ էդ խնդիրը ավելի շատ երկու մասնավոր ընկերությունների միջև ծագած խնդիր է, որտեղ մի ընկերությունը, որը արդեն տեսնում է, որ հրաժարվում է, կամ իր ձեռքից, կոպիտ ասած, ինչ-որ բան գնում է, փորձում է, չեմ ուզում սաբոտաժ ասել, բայց դժվարություններ ստեղծել մեկ այլ ընկերության համար։ Կարող եմ խոստանալ, որ Ձեր հետ միասին էդ հարցը ուշադրության կենտրոնում կպահենք, կփորձենք, եթե լուծման հնարավոր տարբերակներ կան, քննարկել», - ասաց Թունյանը, ով այսօր ընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ:
Դեռ անցած տարեվերջին կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ընկերությունը նոր ներդրող է ներգրավել Թեղուտի հանքավայրը վերագործարկելու համար։ Անգամ ռուսաստանաբնակ հայ գործարարը հանդիպեց հանքավայրի նախկին աշխատողներին և խոստացավ, որ նրանց շուտով ծանուցումներ կուղարկեն աշխատանքի հրավիրելու մասին։ Սակայն վերագործարկման ուղղությամբ դեռևս գործողություններ չեն արվել, քանի դեռ ընկերության լուծարվել-չլուծարվելու հարցը դատարանում քննության առարկա է։
«Կ-արաստ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ նշելով, թե չի համաձայնեցրել իր վստահորդի՝ ընկերության նախագահի հետ։ «Էս պահի դրությամբ, քանի որ ես չունեմ վստահորդի հետ համաձայնություն՝ արդյո՞ք էս գործի հետ կապված կարող եմ որևէ կարծիք արտահայտել ԶԼՄ-ներում, դրա համար ես ձեռնպահ կմնամ։ Այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել», - ասաց Գյոզալյանը։
«Թեղուտ» ընկերության նախկին սեփականատեր «Վալլեքս» խումբն իր հերթին հայտարարություն է տարածել՝ ստահոդ համարելով պնդումները, թե «Վալլեքս»-ը կարող է շահագրգռություն ունենալ հանքավայրի վերագործարկումը կասեցնելու կամ դժվարեցնելու հարցում, և վստահեցնելով, թե իրենք որևէ կապ չունեն այս դատական գործընթացի հետ։ Միևնույն ժամանակ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը դիմել է դատարան՝ իրեն «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնում վերականգնելու պահանջով։