Մատչելիության հղումներ

Կինոռեժիսորը պահանջում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը


Կինոռեժիսոր, Կինոարտադրողների հայկական ֆեդերացիայի նախագահ, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գալստյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ Ռեժիսորը պնդում է, որ Ազգային կինոկենտրոնը անօրինական կերպով խոչընդոտում է նրա կողմից նկարահանվող «Տատիկիս վարսերը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի ֆինանսավորումը:

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին կինոռեժիսորը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի Ազգային կինոկենտրոնի դեմ և ավարտեց հացադուլը միայն Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո։ Մշակույթի նախարարը միջգերատեսչական հանձնաժողով էր հրավիրել, որը հանգել է հետևյալ եզրակացության՝ «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը պիտի ստանա ֆինանսավորում կամ գոնե չպիտի դադարեցվի ֆիլմի ֆինանսավորումը:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, սակայն, Հովհաննես Գալստյանը շեշտեց, որ այդ օրից անցել է մեկ ամիս, նախարարի հանձնարարականը չի կատարվել և ինքը մինչև հիմա ոչ մի արձագանք Կինոկենտրոնի կողմից չունի:

«Սա ամենասովորական սաբոտաժ է», - պնդում է Հովհաննես Գալստյանը։

Ուշագրավ է, որ այս ընթացքում Ազգային կինոկենտրոնը նամակ է գրել ֆիլմի բուլղարական և գերմանական համարտադրող գործընկերներին՝ խնդրելով նրանցից իրենց կատարած ներդրումների ֆինանսական, հաշվապահական փաստաթղթեր ներկայացնել:

«Սա ոչ միայն տարրական էթիկայի խախտում է, սա անօրինական է», - հայտարարեց ռեժիսորը՝ շարունակելով․ - «Սա անձնական թշնամանք է, որովհետև ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կինոյի կառավարման պետական մեխանիզմը պետք է ամբողջովին փոխվի։ Պետական չինովնիկները, որոնք ավելի շատ գումար են ստանում ՀՀ պետական բյուջեից, քան ֆիլմերի ֆինանսավորումը, պետք է ուղարկվեն թոշակի ուղղակի։ Հայաստանի Հանրապետությունում կինոյի զարգացման ամենամեծ խոչընդոտը կինոյի պետական կառավարման մոդելն է»

Հովհաննես Գալստյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ իր պայքարը «չինովնիկական «բեսպերդելի», Հայաստանում կինոյի կառավարման անարդյունավետ, մաշված մոդելի դեմ է, մոդել, որ ձևավորվել է նախորդ տասնամյակների ընթացքում և որի արդյունքն այսօրվա հայկական կինոարտադրության մռայլ, միջազգային կինոինդուստրիայից մեկուսացված պատկերն է»: Կինոռեժիսորը ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի ուշադրությունը հրավիրում է կինոյի պետական կառավարման մոդելի հրատապ բարեփոխման անհրաժեշտության վրա և շեշտում, որ միևնույն գործառույթներն ունեցող տարբեր կառույցների միջոցով կինոյի կառավարման արատավոր մեխանիզմը բացարձակապես սպառել է իրեն:

Հովհաննես Գալստյանը Ազգային կինոկենտրոնի դեմ միայն դատական հայցով չի բավարարվելու: - «Հունվարի 30-ից մենք դատը կսկսենք, փետրվարի 3-ից ես վերսկսելու եմ հացադուլը», - հայտարարեց կինոռեժիսորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG