Սկանդալի պատճառը հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներն են, որ այս կամ այն պատճառով ժամանում են Բաքու և ում Ադրբեջանի իշխանությունները, չնայած նրանց քաղաքացիությանը, չեն թողնում մուտք գործել երկիր։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր հատուկ հաղորդագրություն է տարածել, որով պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանն այն մասին թե Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը սադրիչ և հակաադրբեջանական բնույթ ունի։ Պաշտոնական Մոսկվան այսօր իր հատուկ հայտարարությունում, որը հրապարակված է արտգործնախարարության կայքում գրում է․ - «Այս հայտարարության տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից, և ոչ պակաս մտահոգիչ է նրա բովանդակությունը»:
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Մոսկվային այս անկարևոր թեմային այդպես չարձագանքել՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական արագ զարգացող հարաբերությունները։ Նման մոտեցումը Մոսկվան անթույլատրելի է համարում և հիշեցնում, որ Ռուսաստանի քաղաքացիներ իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հատուկ հայտարարությունում մասնավոր օրինակներ են բերված։ Այդ օրինակների շարքում կան պարզապես անթույլատրելի դեպքեր, երբ արգելել են Բաքու մտնել Մեծ Հայրենական պատերազմի 81-ամյա վետերանին, կամ 2017-ին մորն ու չորս տարեկան երեխային մի քանի ժամ պահել են օդանավակայանի ոստիկանատանը: Ռուսաստանի արտգործնախարարությունը անթույլատրելի է համարում նաև այն, որ Բաքուն այսպես ասած՝ հուշում է, որ լավ կլինի, եթե Ռուսաստանի քաղաքացիները Ադրբեջան մեկնելուց առաջ դիմեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն։ Սա հակասում է առանց վիզային ռեժիմի համաձայնագրին, որ երկու երկրները կնքել են 1997թ․։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտնում է, որ իր առաջիկա քայլերը կախված կլինեն Բաքվի արձագանքից։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին խնդրին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, իսկ հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացի Մարատ Գալուստյանի ճակատագրին էր անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր ամենամյա մամուլի ասուլիսին։