Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական կողմը պատրաստվում է նրան գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն ներկայացնել


Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան
Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից տեղեկացանք, որ եթե այսօր դատարանը բավարարի նախկին նախագահի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, պաշտպանական կողմը նրան գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն կներկայացնի։

Քոչարյանի փաստաբանները դեռ դեկտեմբերի 26-ին կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրել, որը մինչ այժմ չի քննվել։

Պաշտոնաթող նախագահի պաշտպանները նաև պատրաստվում են հերթական՝ երրորդ բողոքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արամ Օրբելյանը չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։
«Վերջնական որոշումը, ծավալը նաև որոշակիորեն կախված կլինեն այս գործընթացից, այսինքն՝ այսօրվա որոշումից և ոչ ավելի պակաս՝ որոշման մեջ արտացոլված դիրքորոշումներից, որովհետև զուտ որոշումից չի կախված, այլ դատարանի պատճառաբանումներից և հիմնավորումներից», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Օրբելյանը։ - «Դեռևս չենք դիմել, մենք այս պահին արդեն ունենք երկու բողոք, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի ազատության իրավունքի խախտմանը և արդար դատաքննության՝ ի դեմս անմեղության կանխավարկածի խախտմանը»։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG