Մատչելիության հղումներ

Միրզոյան․ Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կրկին քաղաքականացնելը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է՝ Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը կրկին նախարարության կարգավիճակ տալը լրջագույն քաղաքական սխալ կլինի: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ կառույցները նախարարության կարգավիճակից զրկելը վերջին տասնամյակների եզակի ձեռքբերումներից մեկն էր։

Վարչապետին ենթակա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալու հարցը բարձրացնում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»: Պնդում են՝ այդպես ուժայինները կլինեն ոչ միայն վարչապետի, այլև՝ խորհրդարանական վերահսկողության ներքո, նախարարներն ի պաշտոնե պարտավոր կլինեն գալ Ազգային ժողով, պատասխանել պատգամավորների հարցերին։

Ընդդիմադիրներից բացի նաև իշխանական «Իմ քայլից» են կարծիքներ հնչում, թե նախարարության կարգավիճակում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ավելի վերահսկելի կլինեն: Այդ կարծիքը երեկ հնչեցրել էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե մենք մի քիչ ավելի կարող ենք շահել վերահսկողության առումով և եթե դրանք դառնան նախարարություն, դրան զուգահեռ շատ ավելին կարող ենք կորցնել և ռիսկերը կարող են դառնալ հսկայական։ Ես առաջարկում եմ, օրինակ, վերհիշել 90-ականների եղած փորձը, երբ որ էդ կառույցները շատ ավելի ներգրավված էին քաղաքականության մեջ։ Սա ձեռքբերում է՝ դուրս պահել այդ կառույցները քաղաքականությունից», - ասաց Արարատ Միրզոյանը։

Ուժայիններին վերահսկելուն Միրզոյանը կողմ է․ - «Այս կառույցները դարձվել են ոչ միայն ապաքաղաքական, այլև դուրս են եկել բոլորովին տեսադաշտից և հանրության վերահսկողությունից։ Ես հիմա կարծում եմ, որ մենք պետք է քայլեր անենք էս իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ ոչ նախարարության կարգավիճակ տալով։ Մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ, այդ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումները կազմակերպելու։ Գիտեք, գործիքներ կան, որ մինչև հիմա էլ եղել են՝ հարցապնդումներ, գրավոր հարցումներ և այլն»։

Միրզոյանն ասաց՝ Կառավարության նոր կառուցվածքի հարցը քննարկումների փուլում է, վերջնական որոշում չկա: Այնուհանդերձ, կարծում է՝ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանությունը կարելի է վերադարձնել Կառավարության ենթակայությանը: Մեկ տարի առաջ ուժային երկու կառույցները անմիջապես վարչապետի ենթակայությանը վերապահելու՝ Հանրապետականի նախաձեռնությունը քննադատած Միրզոյանն ասաց՝ իր այսօրվա տեսակետը հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված:

«Մի քիչ չափազանց սպեցիֆիկ կառույց է դա, և ես գործադիրում էս ամիսների իմ ունեցած փորձից եմ եկել այս եզրահանգման», - նշեց Ազգային ժողովի ղեկավարը։

Այսօր պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի բոլոր 11 հանձնաժողովների նախագահներին: Իշխանական «Իմ քայլի» անդամները ութում կնախագահեն, ԲՀԿ-ն՝ երկուսում, «Լուսավոր Հայաստանը»՝ մեկում։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ղեկավարելու են նորաստեղծ Մարդու Իրավունքների պաշտպանության և Տարածաշրջանային ու Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները, «Լուսավոր Հայաստանից» սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Թեկնածուներից ամենաքիչ կողմ ձայները՝ 108, ստացել էր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Արման Եղոյանը, ամենաշատը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարազդատ Կարապետյանը։ Վերջինս իշխանական «Իմ քայլից» է։

Չնայած բոլոր թեկնածուների ընտրությունը կասկած չէր հարուցում՝ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի պաշտոնում մեկական թեկնածուներ էին առաջադրված, այնուհանդերձ քննարկումները 4 օր տևեցին:
Եթե գործադիրը Խորհրդարան բերի Կառավարության կառուցվածքի փոփոխությանների նախագիծ, պատգամավորները կհավաքվեն այն քննարկելու, եթե ոչ՝ հաջորդ նիստը կգումրավի Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցով:

«Տպավորությունս քննարկումներից այն է, որ մենք, այնուամենայնիվ, առաջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, բայց նորից ուզում եմ ասել՝ հավանականություն կա, որ նաև չբերենք։ Մենք դեռ քննարկում ենք էդ հարցը», - մանրամասնեց Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG