Մատչելիության հղումներ

Հունվարի 22-ին կհրապարակվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի հունվարի 22-ին։

Վերաքննիչ դատարանն այսօր վերսկսել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը։ «Ազատության» այն հարցին, թե իր բողոքում ի՞նչ փաստարկներ է դատախազությունը ներկայացրել, Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դատական նիստը դռնփակ էր և ավելին չի կարող ասել։

«Մենք ներկայացրեցինք մեր բողոքը՝ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու դեմ, միաժամանակ միջնորդեցինք դատարանին, որպեսզի խափանման միջոց կիրառի Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կալանք։ Իսկ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել ժամկետի երկարացման դեմ», - նշեց Վահագն Մուրադյանը։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց՝ ամեն գնով փորձ է արվում Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահել. - «Մանվել Գրիգորյանը իր բոլոր բացասական, դրական մարդկային հատկանիշներով ՀՀ ոչ մի քաղաքացուց բացառություն չի, իր քրեական գործի շրջանակներում օգտագործվում է նույն ռազմավարությանը՝ ամեն գնով պահել կալանքի տակ։ Դա իմ անձնական կարծիքն է, որովհետև Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից գտնվել է ազատության մեջ մինչ այս պահը և չի խոչընդոտել, չի խանգարել, որևիցե այլ անձանց իրավունքներին ինչ-որ մի կերպ, օրենքով անթույլատրելի արարք չի արել։ Եվ հիմա խոսել, որ կարող է հետո կատարի, նորմալ չի, բայց մեր արդարադատության համար նորմալ է»։

Իսկ թե արդյո՞ք կա մտավախություն, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կարող է փոխվել, Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց՝ մտավախություն միշտ էլ կա. - «Ցանկացած մարդ, որը որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում, այն էլ մերօրյա, հարկապես ՀՔԾ-ի, երբ որ նա չի համագործակցում, ղզիկի պես չի պահում իրեն, չի ասում՝ ես բոլորին կծախեմ, էդ տիպի մարդիկ ենթակա են կալանավորման, ըստ գործող պրակտիկայի»։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց իր ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններն էին ներկայացրել, բայց թե ինչ հիմքով՝ չեն նշում: Նախորդ նիստին ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունը ևս մերժվել էր։

Գրիգորյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր, պաշտպանական կողմն «Ազատությանն» ասաց, որ նիստին չներկայանալու պատճառը գեներալի առողջական լուրջ խնդիրներն են։

Ի տարբերություն նախորդ դատական նիստերի օրերի, երբ դատարանի շենքի առջև Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում՝ գեներալին կրկին կալանավորելու պահանջով, այսօր դատարանի առջև քաղաքացիներ չէին հավաքվել։

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG