Մատչելիության հղումներ

Թրամփը Փելոսիին արգելեց Պենտագոնի օդանավով մեկնել արտասահման


Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Ներկայացուցիչների տան դեմոկրատական խոսնակ Նենսի Փելոսիին Պենտագոնին պատկանող օդանավով արտասահման մեկնել:

Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը՝ shutdown-ը, Թրամփն ասել է, որ Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը չի կարող հանրային միջոցառման նպատակով ռազմական օդանավով մեկնել Աֆղանստան: Փելոսին մտադիր էր նաև այցելել Բրյուսել:

Իր որոշման մասին Թրամփը Փելոսիին երեկ երեկոյան հաղորդել է նամակով:

Կոնգրեսի պատվիրակությունը պետք է հանդիպեր Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողներին:

«Այն ժամանակ, երբ 800 հազար պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանում, կարծում եմ, Դուք ըմբռնումով կընդունեք հանրային միջոցառումը հետաձգելու հանգամանքը, մենք այդ 7-օրյա զբոսաշրջությունը հնարավոր կդարձնենք, երբ կավարտվի Shutdown-ը»,- ասվում է Թրամփի նամակում:

Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում համոզված են, որ Թրամփի կողմից դա պատժամիջոց է ի պատասխան Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը մերժելու դեմոկրատների դիրքորոշման:

Նախօրեին Փելոսին Թրամփին կոչ է արել հետաձգել ամենամյա ուղերձը Կոնգրեսում կամ այն ներկայացնել գրավոր տարբերակով, քանի որ ամենամյա ուղերձի օրը Վաշինգտոնում անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցներ ստիպված կլինեն իրենց աշխատանքը կատարել առանց վճարման:

«Ես ասում եմ՝ եկեք օր ընտրենք, երբ կառավարությունը կսկսի աշխատել, եկեք վճարենք ծառայողներին, գուցե նա մտածում է, որ լավ է, երբ չես վճարում աշխատող մարդկանց, ես այդպես չեմ մտածում», - ասել է Փելոսին:

Նախագահ Թրամփին զայրացրել է Փելոսիի այդ հայտարարությունը: Նա պնդում է, որ միևնույն է պետք է կառուցել պատը, քանի որ այն անհրաժեշտ է երկրի հարավային սահմանի անվտանգության համար:

ԱՄՆ կառավարությունն արդեն 28 օր առանց ֆինանսավորման է աշխատում, դա համարվում է ամենաերկարատև shutdown-ը երկրի պատմության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG