Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ծիծաղելի է համարում Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մեղադրանքները, թե դատական իշխանության վրա ճնշում կա։
Մարգարյանը երեկ ՀՅԴ համաժողովում իր ծավալուն ելույթի զգալի հատվածը նվիրել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելուն: Դաշնակցական գործիչը հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, ի թիվս այլ կառույցների, իր ճնշման տակ է պահում նաև դատական իշխանությանը:
«Ժողովուրդը մեզ մեղադրում է չճնշման համար, հիմա մեզ ասում են, որ դատական իշխանության վրա կա ճնշում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Աղազարյանը։
Նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը համոզված է՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի քննադատության պատճառը արտահերթ ընտրություններում Դաշնակցության պարտությունն էր, ինչն էլ ՀՅԴ ղեկավար կազմի քաղաքականության հետևանքն էր:
Հրանտ Մարգարյանը երեկ հայտարարել է նաև, որ ՀՅԴ բյուրոյի առաջիկա ընտրությանը չի ցանկանում առաջադրել իր թեկնածությունը, ինչի առթիվ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նախ շնորհավորեց ավանդական կուսակցությանը․ - «Ուզում եմ շնորհավորել Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ վերջապես ստացված փոփոխության առիթով։ Վերջապես մի բան փոխվեց ՀՅԴ ղեկավարության մեջ»:
Պատգամավորը անդրադարձավ նաև ՀՅԴ ներկայացուցչի մտահոգությանը, թե անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից:
«Տարիներ շարունակ Հայաստանում խոսվել է քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին, և այդ սերնդափոխությունը տեղի է ունեցել, և տեղի է ունեցել առաջին հերթին ժողովրդի պահանջով։ Սա է ամենակարևորը», - հայտարարեց Ռուբինյանը։
Դաշնակցությունը խորհրդարանից դուրս մնաց հենց Հրանտ Մարգարյանի գործունեության արդյունքում և Դաշնակցությանը խիստ անհրաժեշտ էր սերնդափոխությունը, համոզված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը․ - «Հենց Հայ հեղափոխական դաշնակցության ընտրողները, որոնք միշտ քվեարկում էին կողմ այդ կուսակցությանը, իրենց գնահատականը տվեցին պարոն Մարգարյանի գործունեությանը»։
Իշխանության գործունեությունը գնահատողը ընտրողն է․ իր հերթին մատնանշում է Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է քննադատությանը՝ իրական գնահատականներ տվողը ընտրողն է, և այսուհետ միշտ այդպես է լինելու և չեն լինելու դեպքեր, երբ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որևիցե մի կուսակցության ինչ-որ ձևով կամ ձայն է ավելացվելու, կամ ինչ-որ արտոնյալ պայմաններ են տրվելու, որպեսզի նրանք հայտնվեն Ազգային ժողովում»։
Հրանտ Մարգարյանը ընտրողների ավելի քան 70 տոկոսի վստահության քվեին արժանացած իշխանությանը տուն ուղարկելու կոչով էր նաև հանդես եկել համաժողովում: - «Խորհրդարանից դուրս շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ և ամենուրեք, և ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչև հաջորդ ընտրություններ կառավարությունը և խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը», - հայտարարել էր Հրանտ Մարգարյանը։
Հովիկ Աղազարյանը արձագանքում է․ - «Բռնցքամարտիկների մոտ է առանձնապես տարածված, երբ որ ասում է՝ ես հեսա սրան կոչնչացնեմ, կուտեմ, էս կանեմ, էն կանեմ․․․ Դա սպորտային մրցապայքարի տրամաբանությամբ է պայմանավորված։ Ես, կոնկրետ, շատ ուրախ կլինեմ, եթե Դաշնակցությունը էնքան վերադիրքավորվի, էնքան ճշգրտումներ կատարի իր գործելաոճի մեջ, որ հաղթի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում»։