Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց


Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան, արխիվ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան, արխիվ

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ տեղեկություններ չունի «գաղտնի շտաբ» կոչվող կառույցի մասին, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը եղել է այդ կառույցի անդամ:

Ըստ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի տվյալների՝ Արմեն Գևորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործել էր Բաղրամյան 26-ում և այդտեղ են կայացվել բոլոր որոշումները: Գևորգյանը այս թեմայով այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ նախաքննական մարմինը թույլ չի տալիս գործից մանրամասներ հրապարակել:

«Ամեն ինչ անենք, որպեսզի գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջ ի վերջո արդարությունը ի հայտ գա և բոլորս իմանանք՝ ինչ էր եղել և ինձանից ինչ էին ուզում», - նշեց Հայաստանի նախկին փոխվարչապետը։

«Ազատության» հարցին, թե Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ հրահանգ ստացե՞լ է «Մարտի 1»-ի գործով, Արմեն Գևորգյանը պատասխանեց. - «Ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից։ Ես հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, ժամանակի խնդիր կա, նորությունները ձևակերպելու, լուրերը տարածելու, բայց եկեք համբերենք։ Ես գործի հետ կապված նյուանսներ, առնչություններ չեմ կարող մատնանշել»։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանից հետաքրքվեցինք՝ իրեն առաջադրված մեղադրանքներում քաղաքական տարր տեսնո՞ւմ է:

«Ես այսօր խոստացել եմ, որ մաքսիմալ փորձելու եմ ձեռնպահ մնալ հրապարակայնորեն, հանրայնորեն գնահատականներ տալ այս գործի ընթացքին, այն պատճառով, որ ես կարող է տարօրինակ մարդ եմ, բայց քանի որ հայտնվել եմ էս վիճակում փորձում եմ, որպեսզի ամբողջը իրականանա օրինական, իրավական դաշտում», - պատասխանեց Գևորգյանը։

Ի պատասխան հարցին՝ վստահո՞ւմ է իրավական համակարգին, Արմեն Գևորգյանը ասաց. «Ես վստահում եմ ինձ առաջին հերթին, իմ պաշտպաններին և մեր օրենսդրությանը»։

Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխվարչապետի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է գլխավոր դատախազությունը։

«Դատախազությունը ներկայացրեց իր բողոքները, իր առարկությունները դրանով դատական նիստը ավարտվեց, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ դեռ չի հեռացել։ Հերթական դատական նիստը կկայան հունվարի 25-ին ժամը 16-ին», - նշեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունների, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Վիկիլիքս»-ի հայտնի հրապարակումների համաձայն ևս Գևորգյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ ճնշումներ են եղել, այս մասին խոսելով, Գևորգյանը ասաց. - «Մի հատ ինձ նայեք ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ»։

Դեռ օգոստոսին Գևորգյանին առաջադրված արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքը, ըստ էության, միացվել է դեկտեմբերին առաջադրված 3 նոր մեղադրանքներին, քանի որ Գևորգյանը այսօր հայտարարեց, որ իր նկատմամբ 3 մեղադրանք կա առաջադրված:

ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել նախկին փոխվարչապետին առաջադրված մեղադրանքների հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG