Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ Ոստիկանության համակարգում փոփոխությունները կենսական անհրաժեշտություն է


«Երկրում պառլամենտական վերահսկողության բացակայությունը, ավտորիտար ռեժիմի հաստատումն էին դարձել պատճառ, որ ուժային կառույցները մարտի 1-ին օգտագործվեցին իբրև մահակ ներքին քաղաքական գործընթացների համար», - իր ելույթում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Բանակային և ոստիկանական ստորաբաժանումները օրվա քաղաքական ղեկավարության անմիջական հանցակցությամբ կոպտորեն խախտելով Սահմանադրությունը՝ մասնակցեցին քաղաքացիների պայքարը ճնշելու ամոթալի իրադարձությանը: Այս ամոթալի էջը մնալու է պատմության մեջ։ Սակայն մեր բոլորիս անմիջական պարտականությունն է հասնել նրան, որ այլևս երբեք ոչ մի պարագայում Զինված ուժերը չդառնան ներքին քաղաքական իրադարձությունների անթույլատրելի մաս», - հավելեց Քոչարյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսումների փաստին՝ հարցնելով, թե արդյոք Հայաստանի քաղաքացիները մտահոգվելու առիթ ունեն, մանավանդ՝ երբ պաշտոնյաները իրենց հայտարարություններում չեն բացառել, որ կարող են գաղտնալսվել ոչ միայն իրենց, այլև երկրի նախագահին ու վարչապետին:

Քոչարյանի արձագանքը․ - «Գաղտնալսման փաստը շատ վատ է: Մեր պետականությունը ստացավ հարված: Ես կարծում եմ, որ դրա լավագույն լուծումը պետք է լիներ գաղտնալսողին արագ հայտնաբերելը: Բայց դա բարդ խնդիր է այսօր: Գտնում եմ, որ պետք է իրականացվի բացահայտում: Գոնե պետք էր գտնել, թե Հայաստանում այդպիսի հնարավորություններ ունեցող ինչպիսի կառույցներ կային նախկինում: Որովհետև նախկին իշխանությունները ոչ միայն օգտագործում էին մոնոպոլ դիրք ունեցող Ազգային անվտանգության [ծառայության] հնարավորությունները, այլև իրենք, պետության զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող համակարգերը, օրինակ, մաքսային ծառայությունում: Պետությունը պետք է հստակ իմանա՝ նման տեխնիկական հնարավորություն ունի միայն ի՞նքը, թե՞ ունեն նաև այլ մեծահարուստ գործարարներ, այլ պետական կառույցներ, որոնց չգիտես ինչու տրվել էր այդ հնարավորությունը՝ երևի մեկը մյուսի սիրուհիներին լսելու համար: Դա պետք է բացառել, պետությունը իր գործառույթները պետք է չզիջի որևէ մեկին»:

Ինչ վերաբերում է ոստիկանությունում իրական, արմատական և ոչ միայն կոսմետիկ բարեփոխումներին վերաբերող հարցին, Անդրանիկ Քոչարյանը հիշեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ Սասուն Միքայելյանի հետ կապված դրվագը․ - «Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն գործողությունը հենց ոստիկանության փոփոխությունների շեմին տեղի ունեցավ, և հատկապես իմ ընկերոջ հայտնի շշանետումից հետո, երբ որ ներքին զորքերի հրամանատարի գլխին շիշը գնաց, այնտեղ արդեն ակնհայտ էր, որ փտած համակարգի հետ գործ ունենք, և այդ համակարգում փոփոխությունները կենսական անհրաժեշտություն է նոր Հայաստանի համար: Դրանք և՛ կառուցվածքային, և՛ որակական, և՛ կադրային փոփոխությունների խնդիր են»:

Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի փոխվի այն վիճակը, երբ առաջնագծում 18 տարեկաններն են:

Նրա խոսքով, ֆինանսական որոշակի խնդիրներ կան, սակայն կարելի է գտնել լուծումներ․ - «Ես միշտ ասել եմ, որ վաղուց հասունացել է առաջնագծի կառուցվածքը և ինժեներական ամբողջ համակարգը վերադասավորելու, վերակառուցելու, ուժեղացնելու և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնելու համար»:

Նա նշեց, որ բանակում շատ խնդիրներ կան լուծելու, պետք է ամբողջովին արմատախիլ արվեն կոռուպցիոն երեւույթները, զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ստանան բարձր աշխատավարձ և զգան պետության հոգածությունը:

Քոչարյանի համոզմամբ, ամեն ինչ պետք է անել սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար․ - «Մշակել այնպիսի օրենքներ, որով համապատասխան մթնոլորտ կստեղծվի տեղական կարիքների համար ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունների մեծացնելը, ինչպես նաև խրախուսվի տեղական արտադրանքը միջազգային շուկա հանելը»:

Ինչ վերաբերում է նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ազգ բանակ» գաղափարին, ապա Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ միայն 1000 դրամ հավաքելով այդ գաղափարը չի կարող իրագործվել․ - «Ազգ-բանակ մենք ունեցել ենք առանց դրա մասին հնչեցնելու, և զինադադարը հենց էդ ազգ-բանակի առկայությունն էր: Եվ դրանով էին պայմանավորված նաև մեր հաղթանակները: Հիմա դրան դրան տալ իրավական կոնցեպտուալ ձև՞․․․ հրեաները տվել են: Գուցե մենք էլ նայենք՝ ինչ ձևի մեջ, կամ ինչ օրենսդրական փոփոխությունների կամ հայեցակարգերի միջոցով դա դարձնենք էնպիսին, որ ժողովուրդը դա զգա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG