Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկվածների ներում շնորհելու գործընթացում պետք է հաշվի առնվի նաև զոհի իրավահաջորդների մոտեցումը. Զոհրաբյան


Այսօր Հայաստանում կա 91 ցմահ դատապարտյալ, այսօր Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով ցմահ ազատազրկվածների ներման ինստիտուտին՝ Զոհրաբյանն ասաց. - «Մենք բազմիցս էս ամբիոնից խոսել ենք էդ խայտառակ հանձնաժողովի՝ վաղակետ ազատ արձակման հանձնաժողովի մասին, որտեղ, կներեք, գիր-ղուշով, գալըչկայով, շատ դեպքերում դատապարտյալին չտեսնելով, շատ դեպքերում չխոսելով որոշումներ են կայացրել և սովորաբար որոշումները մերժել են՝ դիմումները մերժել են՝ իրենց վրա խուսափելով բեռ և պատասխանատվություն վերցնելուց»։

Զոհրաբյանը նշեց, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներում շնորհելու գործընթացի ինչ-որ մի փուլում անպայմանորեն հաշվի առնվի նաև զոհի իրավահաջորդների մոտեցումը։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովներից ութում նախագահներ է առաջադրել «Իմ քայլը» դաշինքը, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը», մեկում՝ «Լուսավոր Հայաստանը»:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG