Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված Փոլ Ուիլանին այսօր այցելելու են Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչները:
Ուիլանը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 28-ին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ԱՄՆ քաղաքացի լինելուց զատ, նա նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու Իռլանդիայի քաղաքացի է: Այդ իսկ պատճառով, Մոսկվայում Իռլանդիայի դեսպանատան աշխատակիցները նույնպես այցելել են նրան: Այդ այցից հետո, կալանավորվածի եղբայրը՝ Դևիդ Ուիլանը երեկ հայտարարել է, որ բանտում Փոլի համար լավ պայմաններ են ստեղծված:
Կալանավորվածի փաստաբանի՝ Վլադիմիր Ժերեբենկոյի խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ անմեղ է:
Նման մեղադրանքի պարագայում ամերիկացին կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման: Փաստաբանը ենթադրել է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են Ուիլանին փոխանակել անցած տարի ԱՄՆ-ում դատապարտված ռուսաստանցի Մարիա Բուտինայի հետ: Ամերիկյան իշխանությունները վերջինիս դատապարտել են «չգրանցված օտարերկրացի գործակալ» լինելու համար: