Մատչելիության հղումներ

«Անհեթեթություն եմ համարում շահարկումները, թե Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում». Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն անհեթեթություն է համարում այն շահարկումները, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ «քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Սիմոնյանը նշեց՝ Հայաստանի նոր իշխանությունները չեն միջամտում ոչ դատական համակարգին, ոչ էլ իրավապահ մարմինների գործողությանը։

«Ազատություն». - Պարոն Սիմոնյան, «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, գիտեք, մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սակայն նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սա ուղղորդված և շինծու մեղադրանք է»՝ հղում անելով նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված ձայնագրությանը, որտեղ կոնկրետ ցուցում կա ձերբակալել Սեյրան Օհանյանին։ Հաշվի առնելով այդ շահարկումները, որ «քաղաքական հետապնդում է իրականացվում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում», Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը, որպեսզի այդ շահարկումները տեղի չունենան, իսկապես լինի հանրային ընկալման մեջ, որ ոչ թե հետապնդում է իրականացվում, այլ՝ «Մարտի 1»-ի բուն գործի բացահայտում։

Սիմոնյան. - Նախևառաջ չեմ կարծում, որ պարոն Օհանյանը քաղաքական բուռն գործունեություն է ծավալում, և ինչ-որ մեկի մտքով կարող է անցնել այդ վարկածը։ Այն, ինչ որ Դուք մեջբերեցիք, անհեթեթություն եմ համարում։

«Ազատություն». - Ձայնագրության մեջ է այդպես ասված։

Սիմոնյան. - Ներողություն եմ խնդրում, բայց արդեն իսկ փաստ է, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները չեն միջամտում ոչ դատական համակարգին, ոչ էլ իրավապահ մարմինների գործողությանը, փաստ է դա։ Այսինքն՝ կարելի է խոսել, կարելի է ասել տարբեր բաներ, բայց փաստը մնում է փաստ, որ տենց բան նոր Հայաստանում չկա, ու ես վստահեցնում եմ Ձեզ՝ չի լինելու երբևիցե։ Ուստի կարծում եմ այն հանձնառությունը, որը որ մենք վերցրել ենք մեզ վրա, որ «Մարտի 1»-ի գործը լիովին բացահայտվել է և բացահայտվելու է և հանրությունն ամեն ինչ իմանալու է, մնում է և մնալու է։ Թող որևիցե մեկը չմտածի, անկախ անուն-ազգանունից, ես չեմ ուզում սա վերաբերվի միայն պարոն Օհանյանին կամ որևիցե մեկին, որ եթե իրավապահ մարմինները, եթե դատական համակարգը կգտնի, որ տվյալ անձն՝ Ալեն Սիմոնյանը, որ այդ օրն այնտեղ է եղել, նույնպես մեղավոր է, պետք է պատժվի և կրի իր պատիժն ըստ համապատասխան օրենքի։

«Ազատություն». - Նկատի ունեմ այդ ցուցումը, որին հղում է անում Սեյրան Օհանյանը՝ Արթուր Վանեցյանի ցուցումը, որ «ձերբակալիր Սեյրան Օհանյանին», ՀՔԾ պետն էլ ասում է՝ «նրան էլ ենք տանելու»։

Սիմոնյան. - Նման ցուցում գոյություն չունի և չի կարող ունենալ։ Կրկնում եմ՝ որևիցե ցուցում չի կարող լինել, որովհետև եթե տենց ցուցումներ լինեին, հիմա Սեյրան Օհանյանը ստեղ-ընդեղ հարցազրույցներ չէր տա, եթե տենց ցուցումներ լինեն, Ռոբերտ Քոչարյանին բաց չէին թողնի, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չէր փոխարինվի, և այլն, և այլն, եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվեինք՝ այդ ցուցումների տրամաբանությամբ, ապա այն իրավիճակը, որը որ այսօր կա, ու այն, ինչի մեջ մեզ մեղադրում են, և վարչապետը ստիպված է լինում դրա մասին խոսել վերջին եթերի ժամանակ, երբ որ ինքը խոսեց Մանվել Գրիգորյանի հետ կապված, նման իրավիճակներ չեն լինի։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն՝ ի դեմս գործադիր, օրենսդիր, վարչապետի մակարդակով, չեն խառնվում որևիցե իրավապահ մարմնի գործունեության մեջ։

«Ազատություն». - Որևէ քաղաքական կոմպոնենտ «Մարտի 1»-ի գործում չկա՞, Դուք դա բացառո՞ւմ եք։

Սիմոնյան. - Դուք մեզ ինչի՞ տեղ եք դրել, ո՞ւմ տեղն եք դրել՝ այն մարդկանց, ում դեմ մենք պայքարե՞լ ենք։ Բացառված է, որ նույնիսկ մեզ ի վնաս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանությունը միջամտի դատական գործերին կամ իրավապահ մարմինների գործունեությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG