Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ի հաղորդագրությունը, Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»: «Իրանը այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է», - նաև ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը:
Ալիևը խնդրել է Իրանի ղեկավարությանը փոխանցել իր երախտագիտությունը «այդ եղբայրական դիրքորոշման համար» և ընդգծել, որ Ադրբեջանը բարձր է գնահատում «այդ արդարացի դիրքորոշումը»: Նա հաղորդել է հայերի կողմից «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմա-կրոնական հուշարձանների ավերման մասին», փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը:
Բաղերին Բաքվում որպես իր այցի նպատակ նշել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը:
Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն տեղադրեց, համաձայն որի՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը: ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:
«Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման», - փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը: