Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը 2018-ին գերակատարել է պլանը


Պետեկամուտների կոմիտեն 2018-ին գերակատարել է պլանը՝ հավաքելով ավելի քան 1 տրիլիոն 306 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսվածից 3,5 տոկոսով ավելի է։

Բացի այդ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ, 2018-ին հավաքված գումարը 2017-ին հավաքվածից ավելի է 14,5 տոկոսով․ - «2018 թվականի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրված գումարները կազմել են տրիլիոն 68 միլիարդ: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 35 միլիարդ: Միասին Պետական եկամուտների կոմիտեի համախառն մուտքերը կազմել են տրիլիոն 403 միլիարդ: Զուտ եկամուտները կազմում են տրիլիոն 306՝ նախորդ տարվա տրիլիոն 141-ի համեմատ»:

Անանյանի խոսքով, 2018-ին փորձել են խուսափել այսպես կոչված հարկային գերավճարներից, երբ հարկատուներն ավելի են վճարում, քան տվյալ ժամանակահատվածի համար իրենց պարտավորությունն է։ Օրինակ, 2018-ի հունվարի 1-ին պետական բյուջեում արդեն եղել է հավաքված ավելի քան 130 միլիարդի գերավճար, մինչդեռ այս տարվա հունվարին գերավճարները կազմել են 21,5 միլիարդ․ - «Ըստ էության սա նախորդ տարիների ընթացքում աճողական պարտքն է հարկ վճարողների հանդեպ: Այսինքն, պետությունը պարտք է եղել հարկ վճարողներին տարեսկզբին 132,7 միլիարդ դրամ: Սա նախորդ տարիների կանխավճարներով կատարված բյուջեների արդյունքն է»:

Հարցին, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում տարիներ շարունակ գործած ներկրման մենաշնորհների առումով, ՊԵԿ նախագահն արձագանքեց, թե ֆորմալ առումով մենաշնորհներ չկան՝ այդուհանդերձ հավելելով, որ տարիներ ի վեր շուկայում գերիշխողները իրենց դիրքերը չեն զիջում նոր տնտեսավորղներին․ - «Շաքարավազի ներկրողները, այո, շատացել են: Բայց արդյո՞ք Հայաստանի Հանրապետության շուկան այնքան մեծ է, որ, օրինակ, տարիների ընթացքում այդ ոլորտում մենաշնորհ դիրք ունեցողը, կամ գերիշխող դիրք ունեցողը տնտեսական մրցակցության առումով հոժարակամ իր դիրքերը կուզենա կիսել այլ տնտեսավարողների հետ: Բնականաբար՝ ոչ: Որովհետև Հայաստանի Հանրապետությունում հիմա գործում են տնտեսավարության համահավասարության կանոններ»:

ՊԵԿ-ը շարունակում է ստուգումները «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: Անանյանը վստահեցնում է, որ դրանք «սովորական, ընթացիկ ստուգումներ են», թեև նոյեմբերին նա հայտարարել էր քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ Անանյանի, հակառակ դեպքում անհնար կլիներ իրականացնել մի շարք անհրաժեշտ ստուգումներ:

Թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, ՊԵԿ նախագահը չբացահայտեց․ - «Գազի գնի կամ գազի սակագնի փոփոխության կամ ակնկալիքները որևէ կերպ մեր ընթացիկ հսկողության հետ որևէ կապ չլինի, որովհետև առաջին անգամը չի, որ Պետական եկամուտների կոմիտեն «Գազպրոմ Արմենիայում» իրականացնում է ստուգում: Սա սովորական ստուգում է: Ուղղակի գազալցակայանների՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ծավալված հսկայածավալ հսկողական գործառույթների համատեքստում մի քիչ թեման կարծես թե մեծ հանրային հնչողություն ստացավ։ Որի կարիքը, կարծում ենք, այդքան էլ չկա»:

Օպտիմալացումը չի շրջանցել ՊԵԿ-ը, որտեղ վերջին ամիսներին աշխատանքից ազատվել է 128 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG