Մատչելիության հղումներ

Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել փաստաբանին զրպարտելու, վիրավորելու համար


Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին զրպարտելու, վիրավորանք հասցնելու, նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամին սպառնալու համար:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ - «Վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը խիստ բացասական է գնահատում առաջարկվող նախագիծը․ - «Ամեն ինչ քրեականացնելով ու պատժելի դարձնելով՝ ոչնչի չենք հասնի։ Էդ մուրճի գաղափարը ոչ մի լավ բանի ոչ մի պետության երբեք չի հասցրել: Խնդիրները պետք է լուծել ոչ միայն քրեականացմամբ հարցերի։ Զրպարտանքի և վիրավորանքի ապաքրեականացումը քայլ առաջ էր, որ ժամանակին Հայաստանը կատարեց։ Խոսքը ազատության տեսակետից դա խիստ կարևոր է»։

Սա Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի համատեղ նախագիծն է։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հունվարի 11-ի դատական նիստից հետո ցուցարարները թքել էին վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, ինչպես նաև, փաստաբանի պնդմամբ՝ հեղուկ լցրել մեքենայի վրա։

Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է ընթանում։

Օրեր առաջ էլ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով այս դեպքին, «Ազատությանն» ասել էր, որ վտանգ է տեսնում՝ հավելելով, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբաններն այսօր պաշտպանված չեն․ - «Եթե մի չարիքի դեմը չենք առնում, դա ծնում է ավելի մեծ չարիք։ Եթե վիրավորում են փաստաբանին, հիմա անցնում են գործողությունների, հիմա արդեն թքում են փաստաբանի վրա, բնականաբար հաջորդը կարող է լինել ծեծ, հաջորդը կլինի նաև սպանություն։ Մենք պետք է «ոչ» ասենք նման արատավոր գործողություններին և փորձենք դա կանխել»։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը կարծում է, որ առաջարկվող նախագիծը դեռ վաղուց պետք է լիներ ընդունված օրենք, որը զսպող հանգամանք կլիներ․ - «Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ փաստաբանների դեմ հանցագործություն կատարաողները սրանով չեն էլ վերջանալու: Ի սպառ հնարավոր չի կանխարգելել ամեն ինչ։ Բայց, ամեն դեպքում, օրենքը պիտի զարգանա... էս փուլում ես համարում եմ, որ սա զարգացման ևս մեկ տեսակ է, դրսևորում է, որը օրենսդրորեն որքան շուտ ընդունվի, այնքան ավելի լավ»։

Այսօր էլ վիրավորանքը և զրպարտանքը պատժելի են, սակայն՝ քաղաքացիաիրավական հարթության վրա։

«Եթե այսօր փոքրիկ դուռ ենք բացում փաստաբանների համար, ապա վաղն էլ դա դառնալու է մեծ դարպաս բոլորի համար», - ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը: - «Ինչո՞ւ փաստաբանի պարագայում քրեականացման անհրաժեշտություն կա, իսկ լրագրողի պարագայում՝ ոչ: Ինչո՞ւ բժիշկներին չպաշտպանել, դատախազներին չպաշտպանել, քննիչներին չպաշտպանել, քաղաքական գործիչներին չպաշտպանել, իշխանության ներկայացուցիչներին չպաշտպանել, ընդդիմադիրներին չպաշտպանել... Սենց մենք կհասնենք նրան, որ վիրավորանքն ու զրպարտանքը նորից կքրեականացվեն ամբողջ ծավալով: Վերջին շրջանում հասարակական էս հայտնի զարգացումների արդյունքում ծագած խնդիրը՝ փաստաբանների հետ կապված, այլ հարթության մեջ պետք է լուծել։ Հասարակության հետ զրուցել է պետք, հասարակությանը բացատրել է պետք։ Փաստաբանը էն դիրքում պետք է լինի, որ հասարակությունը հասկանա, թե էս մարդու նշանակությունը ինչումն է կայանում: Եթե անգամ էս մարդը պաշտպանում է իրեն ոչ հաճո մարդու շահեր, հասարակությունը պիտի հասկանա, որ դա էլ է իր համար արվում, որ արդարադատությունը ամբողջ ծավալով առողջ հասարակության անբաժան մասն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG