Մատչելիության հղումներ

Լավրով. Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 16-ը հունվարի, 2019թ.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 16-ը հունվարի, 2019թ.

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու՝ Բաքվի փորձերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ՝ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով. - «Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»:

«Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին», - նշել է Լավրովը և շարունակել. - «Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»։

«Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Սերգեյ Լավրովին այսօր ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի լրագրողները ղարաբաղյան հակամարտության մասին հարց չէին տվել, սակայն երբ ադրբեջանցի լրագրողը հարցերից ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG